Մենախոսությունների երկխոսությունը
Հայ ազգային կոնգրեսը չի թաքցնում, որ երկխոսությունը պատվիրակությունների միջոցով շարունակելու խնդիրն ավելի է կարեւորում, քան երկխոսության օրակարգը:
Նախ` որպես քննարկման ենթակա հարց Կոնգրեսը երկխոսության ընդամենը մեկ թեմա առաջադրեց` արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը` շատ լավ հասկանալով, որ այն մերժվելու է իշխանության կողմից, այսինքն` եթե անգամ բանակցությունները կայանային, օրակարգում այդ հարցը չէ, որ լինելու էր:
Երկրորդ` արտահերթ ընտրությունները ոչ թե քննարկում, այլ պահանջում են, ընդ որում` որքան հնարավոր է շուտ` հաշվի առնելով հերթական ընտրությունների ժամկետի մոտենալն ու ժամանակ ձգձգելու` իշխանության ակնհայտ ցանկությունը:
Իսկ բանակցություններ սկսելը Կոնգրեսի համար առաջնային էր համարվում հատկապես այն պատճառով, որ այդպիսով նա, մի կողմից, հարակից ընդդիմադիր ուժերին անմիջապես մարգինալացնելու խնդիր էր լուծելու, մյուս կողմից` անմիջապես վերածվելու էր իշխանության միակ այլընտրանքի:
Ճիշտ է` մեծ հաշվով հիմա էլ այդպես է, բայց բանակցություններ սկսելը ֆորմալ բնույթ էր հաղորդելու դրան եւ փաստացի լեգիտիմացնելու էր Կոնգրեսի այդ կարգավիճակը: Այսինքն` իշխանություն-ՀԱԿ բանակցությունները Հայաստանում բոլորովին նոր քաղաքական իրավիճակ էին ստեղծելու, որը բացարձակապես ձեռնտու չէր իշխանությանը: Խնդիրն այն է, որ եթե Կոնգրեսը ստանար այդ «արտոնյալ» կարգավիճակը, ընտրություններին ընդառաջ` իշխանությունը կորցնելու էր քաղաքական դաշտում մանեւրելու, հինգերորդ շարասյունների օգնությանը դիմելու հնարավորությունը:
Եթե նկատի ունենանք, որ տարածաշրջանային զարգացումների եւ հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի ֆոնին արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կարող է դառնալ իրավիճակից դուրս գալու միակ օպտիմալ տարբերակը, ապա Կոնգրեսին նման կարգավիճակ տալը իշխանության համար կրկնակի վտանգավոր է դառնում:
Եվ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրեց ոսկե միջինի տարբերակը. նա ոչ հրաժարվեց եւ ոչ էլ ընդունեց բանակցություններ սկսելու առաջարկությունը: Նախ հայտարարեց, թե անընդունելի են երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերը, ինչպես նաեւ, նկատի ունենալով արտահերթ ընտրությունների օրակարգային պահանջը, «վերջնագրերի լեզվով խոսելը», բայց մյուս կողմից ոչ թե մեկ, այլ բանակցությունների միանգամից երեք ձեւաչափ առաջ քաշեց. ընտրությունների հետ կապված հարցերով` ԱԺ նախագահի հետ, երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված` վարչապետի, խիստ անհրաժեշտության դեպքում` իր աշխատակազմի ղեկավարի, իսկ քաղաքական այլ հարցերի հետ կապված` իշխանական կոալիցիայի հետ:
Նախագահն, այսպիսով, փաստացի չբացառեց որեւէ հարցով, որեւէ ուղղվածությամբ բանակցությունների ծավալումը` միակ վերապահումն անելով «բանակցություն» եզրը չօգտագործելու, այսինքն` այդ հարաբերությունները չֆորմալացնելու վերաբերյալ: Ընտրությունների հարցը Աժ նախագահի հետ քննարկելու առաջարկ ներկայացնելով` Սերժ Սարգսյանը երկու խնդիր է լուծում. նախ` հասկացնել, որ եթե անգամ արտահերթ ընտրությունների հարց առաջանա, ապա խոսքը բացառապես խորհրդարանական ընտրությունների մասին է լինելու: Որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Հովիկ Աբրահամյանը Կոնգրեսի հետ կարող է քննարկել նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու ընթացակարգը: Եվ երկրորդ` այդպիսով նա չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացման հեռանկարը եւ դա համարում է օրակարգային:
Չի կարելի բացառել, որ նույնատիպ խնդիր նա փորձում էր լուծել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ «բանակցելու» հարց առաջադրելով: Ճիշտ է` տվյալ դեպքում խոսք կարող է լինել կառավարությունը ցրելու եւ այսպես կոչված միասնական նոր «փրկության» կառավարության ձեւավորման մասին: Սա, որպես իրավիճակի լիցքաթափման միջոց, կարող է նշանակություն ունենալ, բայց քաղաքական շրջադարձային քայլ դժվար է համարել, որովհետեւ հիմնական բոլոր հարցերը շարունակելու են մնալ առկախված:
Երկրորդ` այս տարբերակը լուրջ խաղաքարտ չի կարող լինել ԼՂ հարցում անցանկալի զարգացումներից խույս տալու համար: Ինչ վերաբերում է կոալիցիային հղում կատարելուն, ապա դրա միակ նպատակը երկխոսության «ռանգն» իջեցնելն էր, Կոնգրեսին հասկացնելը, որ «ոտքերը վերմակի չափով մեկնի»:
Դրա մեջ ռացիոնալ հատիկ կա այն առումով, որ Կոնգրեսը, լինելով քաղաքական ուժ, կարող է հավակնել ոչ թե իրական իշխանության, այլ դրա հենքը կազմող քաղաքական թիմի հետ հարաբերությունների մեջ մտնելուն, որովհետեւ եթե խոսքը վերաբերում է պետական իշխանությանը, ապա սահմանադրորեն այն մի քանի ճյուղերից է կազմված:
Բանակցություններ սկսելուն ուղղված ՀԱԿ-ի պահանջներին Սերժ Սարգսյանի այսպիսի արձագանքը նման է պղտոր ջրով լցված ակվարիումը մեկ ձկնիկի համար մեծացնելուն: Ժամանակի ընթացքում, պայմանավորված ներքին ու արտաքին գործոններով, որոշումներ կայացնելիս տարածության այս մեծացումը իշխանությանն ավելի մեծ ճկունություն կհաղորդի: Մինչդեռ Կոնգրեսը հայտնվում է չափազանց անհարմար դրության մեջ:
Նախ` չի լուծվում ամենակարեւոր` իշխանության հետ հարաբերությունները ֆորմալացնելու, այսինքն` քաղաքական դաշտում իր հեգեմոն կարգավիճակը լեգիտիմացնելու խնդիրը:
Երկրորդ` ընդդիմությունը զրկվում է իշխանությանը երկխոսության գործընթացը տապալելու մեջ մեղադրելու եւ դրանով իր քայլերի հետագա կոշտացումը պատճառաբանելու եւ արդարացնելու հնարավորությունից, որովհետեւ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ իշխանությունը կողմնակից է երկխոսության շարունակմանը:
ՀԱԿ-ն, իհարկե, կարող է նման մոտեցումը վերագրել ժամանակ ձգձգելուն եւ հաջորդ` հունիսի վերջին կայանալիք հանրահավաքում հայտարարել, որ գործընթացի հետագա շարունակությունը անհեռանկարային է համարում: Բայց դրանից հետո հետագա ընթացքի ու զարգացումների պատասխանատվությունն ընկնելու է հենց Կոնգրեսի վրա:
Ի դեպ, այստեղ էլ ՀԱԿ-ը ընտրության կամ մանեւրումների մեծ տեղ չունի, եթե նկատի ունենանք Տեր-Պետրոսյանի արած այն հստակ հայտարարությունները, թե իրենք երբեք ըմբշամարտի չեն դիմելու, եւ որ իրենց համար անընդունելի են հեղափոխություն, ապստամբություն հասկացությունները: Չի կարելի բացառել, որ այս պատային իրավիճակում ընդդիմությունը ելքը կարող է համարել այսպես կոչված «ինքնահոսի սցենարի» կիրառումը, այսինքն` հայտարարել, թե այլեւս չի կարող ազդել, զսպել ժողովրդին, որը հակված է հարցերը լուծել եգիպտական սցենարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել