
Ո՞վ է ստացել բաժանորդի համաձայնությունը գովազդային sms ուղարկելու համար
Օրվա ընթացքում, երբեմն նույնիսկ մի քանի անգամ, բջջային օպերատորի կողմից բաժանորդները ստանում են sms հաղորդագրություններ, որոնք գովազդային բնույթ են կրում: Օրինակ` «հունիսի 4-6-ը հրավիրում ենք Մոսկվայի տուն` «Մանկության աշխարհ» EXPO-2011 ցուցահանդեսին: Լավագույն մաղթանքներով` LOGOS EXPO Center»:
Կամ հնարավոր է` «Վիվասել-ՄՏՍ»-ը բջջային օպերատորը գովազդ ուղարկի երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի հրավերով` առանց հաշվի առնելու, արդյոք տվյալ բաժանորդը հետաքրքրված է կամ ուզում է ստանալ այդ գովազդային հաղորդագրությունները, թե ոչ: Հատկապես տարբեր տոների առիթը բաց չեն թողնում, օրինակ, առևտրային ընկերությունները. «Թեթևացրեք հարազատ կանանց հոգսերը: Զանգահարեք մինչ մարտի 8-ը, և մենք նրանց տանը անվճար կտեղադրենք «Մաքուր ջրի» սարք, իսկ ձեզ կնվիրենք թեյ»:
Կամ` «մարտի 1-ից ապրիլի 10-ը խաղացեք բոուլինգ «Play City»-ում և մասնակցեք նոթբուքի խաղարկությանը: Տեղափոխությունը դեպի «Play City» անվճար»:
Ստացվում է, որ օպերատորը, գովազդների պատվերներ ստանալով, իր բաժանորդների հաշվին եկամուտ է ապահովում`առանց իր բաժանորդների համաձայնության:
Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ բջջային ամենամեծ օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից: «Հետքին» տրված գրավոր պատասխանում ընկերությունը նշում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` որպես կորպորատիվ քաղաքացի, օժանդակում է հանրային իրազեկման քարոզարշավների իրականացման գործում: Օրինակ` պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ իր բաժանորդներին sms հաղորդագրություններ ուղարկելու նպատակը կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն է:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը sms հաղորդագրություններ է ուղարկում նաև պետական, եկեղեցական և այլ կարևոր տոների կապակցությամբ` հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով: «Այսօրինակ sms հաղորդագրությունների ուղարկումը առևտրային բնույթ չի կրում, այլ նպատակ է հետապնդում SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել հանրությանը կարևոր միջոցառումների մասին` համապատասխան գերատեսչություններից մեզ ուղղված դիմումների համաձայն»,- հայտնում է ընկերությունը:
Շարժական կապի մատուցման ընդհանուր պայմանների 5.2.2 կետի համաձայն` բաժանորդն իրավունք ունի օրենքով կամ օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում հրաժարվել օպերատորի կողմից շարժական ցանցի միջոցով տարածվող գովազդային հաղորդակցությունների ստացման հնարավորությունից, որն այլապես համարվում է տրված. «Հետևաբար` ցանկալի է, որպեսզի այն բաժանորդները, որոնք չեն ցանկանում այդօրինակ հաղորդագրություններ ստանալ, այդ խնդրանքով մեզ դիմեն նախապես, և ընկերությունը, անշուշտ, ընդառաջ կգնա իր բաժանորդներին»,- պարզաբանում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
Ընկերությունից խնդրել էինք նաև տեղեկացնել, թե այդ գովազդներից յուրաքանչյուրից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որքա՞ն եկամուտ է ստանում: Առևտրային ընկերությունների խնդրանքով ուղարկված SMS-հաղորդագրությունների վերաբերյալ ընկերությունը նշում է, որ դրանցից գոյացած հասույթի ստացումը կարգավորվում է հավելյալ արժեքով ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով, «որոնց բովանդակությունը ենթակա չէ հրապարակման»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել