Սևանի 20/04 ընտրատեղամասում քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել
Սևանի 20/04 ընտրատեղամասում քաղաքացի Արթուր Թադևոսյանի նոր կենսաչափական անձնագիրն ու նույնականացման քարտը չնույնականացվեցին․ տեխնիկական սարքը չճանաչեց անձը հաստատող փաստաթղթերը։
Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Խաչատրյանը նրան ուղղորդեց դիմել անձնագրային բաժին՝ խնդիրը պարզելու համար։
Արթուր Թադևոսյանը անձը հաստատող նոր փաստաթղթերը ստացել է օրեր առաջ։

Ընտրատեղամասում ընտրություններն ընդհանուր առմամբ ընթանում են հանգիստ մթնոլորտում։ Ժամանակ առ ժամանակ ընտրողների ակտիվություն է նկատվում։ Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք միմյանց հետ ջերմ են շփվում, ողջունում միմյանց։ Շատերը միմյանց ճանաչում են։
Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ժամը 11։10-ի դրությամբ գրանցված 1436 ընտրողից ընտրությանը մասնակցել է 224-ը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքում։
Ավագանու 25 տեղի համար պայքարում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։ Ընդհանուր առմամբ առաջադրվել է 137 թեկնածու։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը, «Միասնական համայնք»-ինը՝ Վահրամ Գևորգյանը, իսկ «Վստահություն» դաշինքինը՝ Սարգիս Մուրադյանը։
Ընտրություններն անցկացվում են Սևան քաղաքում և խոշորացված համայնքի 11 գյուղական բնակավայրերում։ Համայնքում ընտրելու իրավունք ունի 32 791 քաղաքացի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել