Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար կգործի անվճար, շուրջօրյա թեժ գիծ. նախագիծ
Նախատեսվում է գործարկել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված միասնական, անվճար և շուրջօրյա թեժ գիծ։ Ծառայությունը հասանելի կլինի հանրապետության ամբողջ տարածքում և հնարավորություն կտա բռնության ենթարկված կամ ենթադրաբար բռնության ենթարկված անձանց ստանալ առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և օգտվել աջակցության ծառայություններից։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։
Թեժ գիծը կգործի շաբաթական յոթ օր։ Դիմել հնարավոր կլինի ոչ միայն հեռախոսազանգով, այլև վեբկայքի, բջջային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և հաղորդակցության այլ միջոցներով։ Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն։ Անձի՝ իր ինքնությունը չբացահայտելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հիմք չի հանդիսանա առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն չտրամադրելու համար։
Ծառայությունը կզբաղվի դիմումների ընդունմամբ, իրավիճակի և անձի առաջնային կարիքների գնահատմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում աջակցության կենտրոնների և իրավասու այլ մարմինների հետ կապի հաստատմամբ։ Կսահմանվեն նաև դիմումների հաշվառման, տեղեկատվության գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության կանոններ։
Նախագծի համաձայն՝ օգնության դիմելու և առաջնային տեղեկատվություն ստանալու հնարավորություն պետք է ունենան ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձինք, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներն ու դեպքի մասին տեղեկություն ունեցող այլ անձինք։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանում չկա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված միասնական, անվճար և շուրջօրյա մասնագիտացված թեժ գիծ։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունները մատուցում է պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով։ Աջակցության կենտրոնները Երևանում և մարզերում ունեն առանձին հեռախոսահամարներ, որոնցով զանգերն անվճար չեն։ Բռնության վերաբերյալ դիմումներ ընդունվում են նաև Աշխատանքի և բարեկեցության նախարարության 114 թեժ գծով, որն աշխատում է ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։
Ըստ նախագծի հիմնավորման՝ այս հանգամանքները կարող են դժվարացնել օգնության դիմելն ու դեպքերին ժամանակին արձագանքելը։ Միասնական ազգային թեժ գծի անհրաժեշտությունն ընդգծվել է նաև Եվրոպայի խորհրդի «Ստամբուլի կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում. առաջընթաց և մարտահրավերներ» 2025 թվականի զեկույցում և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2026 թվականին Հայաստան կատարած այցի արդյունքներով հրապարակված հուշագրում։ Միասնական կարգավորումը թույլ կտա նվազեցնել օգնության դիմելու տարածքային և կազմակերպական խոչընդոտները և ապահովել բռնության դեպքերին համարժեք և համալիր արձագանք
Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2027 թվականի հուլիսի 1-ից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել