HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

ԱԺ-ն կկարողանա ինքնալուծարվել, նախարարներին ու փոխվարչապետներին անվստահություն հայտնել. ինչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծով

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք փոփոխություններ նաև Ազգային ժողովի կազմավորման, գործունեության և վերահսկողական լիազորությունների վերաբերյալ։ 

Մասնավորապես, խորհրդարանին առաջարկվում է ինքնալուծարվելու հնարավորություն տալ, պատգամավորների մանդատը կասեցնել նրանց՝ Կառավարության կազմում ընդգրկվելու դեպքում, ինչպես նաև ընդլայնել անվստահություն հայտնելու մեխանիզմները։ Փոփոխություններ են նախատեսվում նաև կայուն մեծամասնության ձևավորման, խորհրդարանական հանձնաժողովների և քաղաքացիների օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու կարգում։

Կայուն մեծամասության դրույթը

Նոր Սահմանադրության նախածով մասնակի վերացվում է կայուն մեծամասնության դրույթը։ Գործող Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում էր,որ «Ընտրական օրենսգիրքը» երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:

Համաձայն գործող Սահմանադրության, եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլին մասնակցում են ամենաշատ քվեներ ստացած երկու քաղաքական ուժերը։ 

Նոր նախագծով, եթե ընտրության արդյունքով կամ երկշաբաթյա ժամկետում քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ քաղաքական կոալիցիա կազմելու ժամկետի ավարտից հետո` ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

«Եթե նոր ընտրությունների արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կրկին խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա, Ընտրական օրենսգրքի համաձայն, երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնություն։ Կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման համար անհրաժեշտ երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»,- ասվում է Սահմանադրության նոր նախագծում:

Նոր Սահմանադրության նախագծով երաշխավորվում է կայուն խորհրդարանական փոքրամասնությունը։ Եթե որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ընտրության արդյունքներով ստանում է Ազգային ժողովի բաշխված մանդատների ընդհանուր թվի ⅔-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը կազմի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի ⅓-ը:

Ինքնալուծարման հնարավորություն՝ ԱԺ-ին

Նոր նախագծով Ազգային ժողովին ինքնալուծարման հնարավորություն է տրվում։ Գործող Սահմանադրությունը ԱԺ-ին ինքնալուծարման գործիքներ չի տալիս, և ԱԺ-ն կարող է լուծարվել եթե վարչապետի ընտրությունը երկու անգամ տեղի չունենա, կամ եթե չհաստատվի Կառավարության ծրագիրը։ Այս նախագծով ԱԺ-ն կարող է արձակվել պատգամավորների ձայների առնվազն ⅗-ի քվեարկությամբ։ 

«Ազգային ժողովի արձակման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Եթե Ազգային ժողովի արձակման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»,- ասված է Սահմանադրության նախագծում:

Ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում ԱԺ-ի արձակումը, ըստ առաջարկվող նախագծի, արգելվում է։

Պատգամավորի մանդատը, Կառավարության անդամ դառնալու դեպքում, կկասեցվի

Փոփոխություններ են նախատեսվում նաև պատգամավորի կարգավիճակի վերաբերյալ դրույթներում։ Մասնավորապես, նոր նախագծով, սահմանվում է, որ Կառավարության անդամի պատգամավոր ընտրվելուց հետո կամ պատգամավորի Կառավարության անդամ նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները ոչ թե դադարում են, այլ կասեցվում են պաշտոնավարման ընթացքում։ 

«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում պատգամավորի կարգավիճակի առանձնահատկությունները, լիազորությունների կասեցման և վերսկսման, ինչպես նաև նոր պատգամավորական մանդատի տրամադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Ազգային ժողովի կանոնակարգով և Ընտրական օրենսգրքով»,- ասված է նախագծում:

Պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները փոխվում են

Նոր նախագծով առաջարկվում է փոխել նաև պատգամավորին ներկայացվող պահանջները։ Գործող Սահմանադրության համաձայն պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նոր նախագծով առաջարկվում է չորս տարվա մշտական բնակության և քաղաքացի հանդիսանալու պահանջը դարձնել հինգ տարի։

Փոխվարչապետին, նախարարին և դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու հնարավորություն կտրվի ԱԺ-ին

Գործող Սահմանադրությամբ նախատեսված է միայն վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմ։ Նոր նախագծով դրան ավելանում է նաև փոխվարչապետին, նախարարին և դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու հնարավորությունը։ ԱԺ խմբակցությունները կարող են ներկայացնել փոխվարչապետին, նախարարին և դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ։ Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվում է, պաշտոնատար անձի լիազորությունները համարվում են դադարած։

«Եթե փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նույն անձի վերաբերյալ նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»,- նշված է նախագծում:

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետները

Նախածով առաջարկվում է փոխել նաև ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետները։ Գործող Սահմանադրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակվում են ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Նոր նախագծով արտահերթ ընտրություններ նշանակվում են ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան հիսուն և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:

Կդրվի՞ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի

Նոր Սահմանադրության նախագիծը դեռ պետք է հանրային քննարկում անցնի, որից հետո Ազգային ժողովը պետք է որոշի դնել հանրաքվեի, թե ոչ։ Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների թվի առնվազն ⅗-ի հավանությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի բավարար ձայներ, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնել։ Ընդդիմադիր խմբակցությունները դեմ են Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելուն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter