HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դանիան առաջարկում է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզայի տրամադրման գործընթացը

Դանիան Եվրամիության անդամ երկրներին առաջարկել է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների՝ Շենգենյան գոտի մուտքի համար։ Ինչպես Reuters գործակալությանը հայտնել են երկու դիվանագիտական աղբյուրներ, Կոպենհագենը համապատասխան առաջարկներով նոտա է ուղարկել ԵՄ անդամ երկրների կառավարություններին։

Դանիայի իշխանություններն առաջարկում են դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը, ինչպես նաև այլևս չճանաչել ռուսական ոչ կենսաչափական (հին նմուշի) արտասահմանյան անձնագրերը։ Կոպենհագենն այս առաջարկները կներկայացնի նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայանալիք՝ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։

Դանիան այս նախաձեռնությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ երկրի երկու քաղաքացի ձերբակալվել էր ռուսական հատուկ ծառայությունների պատվերով ուկրաինացի ռեփեր Kyivstoner-ի (Ալբերտ Վասիլև) դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի ռազմական կցորդին։ Բացի այդ, Կոպենհագենը հայտարարել է, որ ազգային մակարդակով ևս կխստացնի Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման կարգը։

Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումների կիրառման հարցը քննարկում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի շրջանակում։

Լուսանկարը՝ um.dk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter