HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը Վենսին և Ռուբիոյին դիտարկում է որպես 2028 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող են դառնալ 2028 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներ։ Այդ մասին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ բարձր գնահատելով երկու քաղաքական գործիչների աշխատանքը։

«Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա կան մի քանի գործիչներ, որոնք կարող են շատ լավ թեկնածուներ լինել։ Անշուշտ, նրանց թվում են նաև Ջեյ Դին և Մարկոն։ Նրանք հիանալի աշխատանք են կատարում և մեծ ժողովրդականություն վայելում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուների մասին հարցին։

Նոյեմբերի 20-ին Թրամփը նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլերին էր կատակով առաջարկել մասնակցել նախագահական ընտրություններին։ Մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էին նաև Վենսն ու Ռուբիոն, ԱՄՆ նախագահը Միլերին անվանել էր աշխարհի ամենաազդեցիկ մարդը։

Նոյեմբերի 15-ին Axios պարբերականը, հղում անելով իր երկու աղբյուրներին, հայտնել էր, որ Վենսը նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին կարող է հայտարարել 2027 թվականի գարնան վերջին։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ փոխնախագահը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու և Թրամփին հաջորդելու գլխավոր հավակնորդը։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 13-ին CNN-ը, հղում անելով Վենսի մերձավոր շրջապատի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո փոխնախագահը չի բացառում 2028 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու հնարավորությունը։ Նրա որոշման վրա ազդող առանցքային գործոններից մեկը շարունակում է մնալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, բրիտանական The Independent պարբերականը հայտնել էր, որ Մարկո Ռուբիոն նախագահական ընտրություններին մասնակցելու համար կարող է հրաժարական տալ պետքարտուղարի պաշտոնից։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբիոն այդ հնարավորությունը դիտարկել էր դեռևս միջանկյալ ընտրություններից առաջ, սակայն Հանրապետական կուսակցության պարտությունից հետո նրա հրաժարականի հավանականությունն ավելի է մեծացել։

Լուսանկարը՝ Kevin Lamarque/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter