HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ երազանքը մեկն է՝ ազատագրված Հայաստան, ազատագրված դատարան». Բագրատ Սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը։ Նման որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ հայտնելով, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանները չեն փոխվել, և ազատության հետ չկապված այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց՝ հանրային մեղադրողները ձախողել են մեղադրանքի այն պարտականությունը, որով պետք է ապացույցների վերաբերյալ ներկայացնեին պատշաճ փաստարկներ, թե այդ դատական նիստում գտնվող մեղադրյալներից որ մեկի մեղադրանքն ինչ չափով է հաստատում կամ հերքում։

«Մենք տեսնում էինք, թե ինչպես են ժամեր վատնում ՔԿ քննիչները, երբ հետազոտում էին գործի հետ չկապված և մեղադրանքը որևէ կերպ չհիմնավորող տեղեկություններ… Այս ծավալի նյութերը մենք տարիներով կարող ենք հետազոտել, դա չի նշանակում, որ Բագրատ Սրբազանը տարիներով պետք է կալանքի տակ մնա»,- հայտնեց պաշտպանը։

Բագրատ Սրբազանն էլ ասաց, որ նույնիսկ ամաչում է, երբ ամեն անգամ խափանման միջոցի քննարկում պիտի լինի, և այդ պահին հիշում է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Բնական է, որ այս դատարանից ակնկալիք չունեմ, ոչ էլ խնդրանք, ոչ էլ միջնորդություն։ Ես մի ակնկալիք ունեմ ինձնից՝ չդադարեցնել պայքարը, ոչ մի միլիմետր չնահանջել՝ անկախ նրանից, թե ինչ հալածանք, ինչ որակումներ, ինչ խուլիգանական խմբեր տարբեր տեսքերով կհայտնվեն մեր առջև։ Այո, իմ նպատակը, ցանկությունը, ձգտումը, երազանքը մեկն է՝ ազատագրված Հայաստան, ազատագրված դատարան, ազատագրված արդարադատություն, ճշմարտության հաստատում, հայրենիքի վերաազատագրում»,- նշեց Սրբազանն՝ ասելով, որ արդարդատությունն ապրում է հրահանգներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter