HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Քաղաքացիները ճանապարհային խախտումների մասին ամսական 3-ի փոխարեն 30 հաղորդում կարող են ներկայացնել. նախագիծ

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ավելացնել բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների ներկայացրած՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների քանակը։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մասնավորապես, առաջարկվում է նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ հաղորդումների ամսական առավելագույն քանակը 3-ից դարձնել 30, իսկ տարեկան սահմանաչափը՝ 30-ից 300։

Նախագծով նախատեսվում է նաև ընդլայնել այն իրավախախտումների շրջանակը, որոնց վերաբերյալ քաղաքացիները կարող են հաղորդումներ ներկայացնել բջջային հավելվածի միջոցով։ Դրանց թվում կընդգրկվեն ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի այն խախտումները, որոնք հնարավոր է հավաստիորեն արձանագրել լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով՝ առանց լրացուցիչ մասնագիտական գործողությունների, օրինակ՝ զննության կամ չափումների։

Ներկայում հավելվածի միջոցով հնարավոր է հաղորդել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված խախտումների մասին։ Դրանց թվում են, օրինակ, որոշ դեպքերում առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք այլ խախտումներ։

Նախարարության հիմնավորմամբ՝ գործող կարգավորմամբ սահմանված քանակական սահմանափակումներն ու խախտումների տեսակների սահմանափակ ցանկը որոշ դեպքերում խոչընդոտում են հավելվածի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը։

Փոփոխությունների ընդունման դեպքում ակնկալվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը, նպաստել իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը և բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter