Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ Այդ մասին Юнашев Live-ին տված մեկնաբանության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հարցը քննարկվել է, և համապատասխան որոշում է ընդունվել։ Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Դեռ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:
Երևանի կարծիքով՝ Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները Երևանի նկատմամբ։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին էր։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։ Մասադիկովի գնահատմամբ՝ Հայաստանը խախտում է ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։ Հեռացման վերաբերյալ նույն պնդումն է արել նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Լուրը թարմացվում է
Լուսանկարը՝ Sputnik գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել