Կհստակեցվեն աշխատանք փնտրողներին առաջարկվող «հարմար աշխատանքի» չափանիշները. նախագիծ
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է հստակեցնել «հարմար աշխատանք» հասկացության չափանիշները՝ աշխատունակ, բայց չաշխատող ընտանիքի անդամների զբաղվածությունը խթանելու նպատակով։
Նախագծով առաջարկվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին առաջարկվող աշխատանքի վարձատրության նվազագույն չափանիշ սահմանել օրենքով նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75 հազար դրամը։ Այս չափանիշը կգործի անկախ անձի մասնագիտական կրթություն ունենալու հանգամանքից։
Նախագծով սահմանվում է նաև, թե ինչ պայմանների դեպքում տարածքային կենտրոնի առաջարկած աշխատանքը կհամարվի «հարմար»։
Մասնավորապես, աշխատանքի վայրը պետք է գտնվի աշխատանք փնտրող անձի բնակության վայրում (Երևան քաղաքի դեպքում՝ համայնքում) կամ դրանից մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրում։ Վերջին դեպքում անձը պետք է հնարավորություն ունենա աշխատանքի մեկնելու և վերադառնալու համար օգտվել առավելագույնը երկու հանրային տրանսպորտային միջոցից։ Այս պահանջը չի տարածվի հեռավար աշխատանքի դեպքերի վրա։
Բացի այդ, առաջարկվող աշխատանքը պետք է համապատասխանի անձի առողջական վիճակին, և դրա կատարման համար չպետք է լինեն բժշկական հակացուցումներ։ Դրանք պետք է հաստատված լինեն օրենքով սահմանված կարգով տրված բժշկական եզրակացությամբ։
Նախարարության պարզաբանմամբ՝ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումից հետո գործնականում ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով։
Ըստ նախարարության հիմնավորման՝ աշխատունակ, բայց չաշխատող ընտանիքի անդամների զբաղվածության խթանման նպատակով սահմանվել է երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու դեպքում եկամտի վերագրման կարգավորում և վերագրվող եկամտի չափի փոփոխություն։ Եվ սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու նշված կարգավորման կիրարկման արդյունավետությունը։
Նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Լուսանկարը՝ pixabay.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել