HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Աֆղանստանի պատերազմի մասնակիցների ապահովագրական փաթեթի հարցը կկարգավորվի

Աֆղանստանի պատերազմի մասնակիցներին առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրված ծառայությունների դիմաց հատուցում կտրվի։ Այս մասին «Հետքին» հայտնել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը՝ պարզաբանելով, որ նրանք համարվում են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք։ 

Հոկտեմբերի 16-ին «Հետքը» գրել էր 63-ամյա Սեյրան Խաչատրյանի մասին։ Նա երկու պատերազմի մասնակից է, երկու անգամ սրտամկանի ինֆարկտ է տարել, սակայն ամիսներ շարունակ չէր կարողանում հստակ պատասխան ստանալ՝ արդյոք իրավունք ունի՞ պետության կողմից անվճար դեղորայք ստանալ։ Այս թեմայով օգոստոսի 18-ին հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն։

Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտնել էր, որ նախկին ԽՍՀՄ բանակի կազմում Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցած անձանց իրավական կարգավիճակի հարցը հստակ կարգավորված չէր գործող ներպետական օրենսդրությամբ։ Ըստ Հիմնադրամի՝ դա դարձել էր տարբեր մեկնաբանությունների պատճառ։

Հիմնադրամը 2026 թվականի օգոստոսի 27-ին դիմել էր ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը՝ խնդրելով պաշտոնական դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ին ստացված պատասխանում նախարարությունը, հղում անելով Հայաստանի Հանրապետության անունից կնքված առանձին համաձայնագրերին, հայտնել էր, որ նախկին ԽՍՀՄ բանակի կազմում Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցած անձը համարվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձ։ Այս դեպքով սեպտեմբերի 18-ին Հիմնադրամը դիմել էր նաև Հաշվեքննիչ պալատին և Պետական վերահսկողական ծառայությանը։ 

Հիմնադրամը հայտնել է, որ հաշվի առնելով Աշխատանքի և բարեկեցության նախարարության դիրքորոշումը՝ Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցած անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրված ապահովագրական փաթեթի ծառայությունների դիմաց հատուցումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով։

«Համապատասխան շրջաբերական է ուղարկվել իր հետ պայմանագիր կնքած բժշկական կազմակերպություններին և դեղատներին։ Իրավական որոշակիություն ապահովելու նպատակով նաև մշակվել և շրջանառության մեջ է դրվել համապատասխան իրավական ակտում փոփոխություն կատարելու նախագիծ»,- ասվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պատասխանում։

Այնուամենայնիվ, Հիմնադրամի պատասխանում նշված չէ՝ շրջաբերականն արդեն կիրառվո՞ւմ է, և ո՞ր օրվանից են բժշկական կազմակերպություններն ու դեղատները դրա հիման վրա ծառայությունների դիմաց հատուցում ստանալու։ Պարզ չէ նաև՝ մինչև իրավական ակտում փոփոխության ընդունումը գործելու է արդյոք արդեն հայտարարված կարգը, թե դրա կիրառման համար լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։

Նախորդ հրապարակման մեջ Հիմնադրամը նշել էր, որ սրտամկանի ինֆարկտը ներառված է Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկում։ Այդ հիվանդության դեպքում հիվանդանոցից դուրսգրման օրվանից առաջին երկու ամիսների ընթացքում նախատեսված է արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղերի ամբողջական փոխհատուցում։ Սակայն պատասխանում չէր հստակեցվել՝ Խաչատրյանին նշանակված դեղերը համապատասխանո՞ւմ են այդ պայմաններին։

Հիմնադրամի նոր պատասխանը հստակեցնում է Աֆղանստանի պատերազմի մասնակիցների՝ ապահովագրական փաթեթի ծառայություններից օգտվելու իրավական հիմքը։ Բայց դրանից դեռ հնարավոր չէ եզրակացնել, որ Սեյրան Խաչատրյանն արդեն կարող է ստանալ իր բոլոր նշանակված դեղերը կամ դրանց արժեքի փոխհատուցումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter