HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը պարտվել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում

Կիրակի օրը Սերբիայում հանգուցալուծվեց արդեն երկու տարի ընթացող քաղաքական ճգնաժամը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նոր ընդդիմադիր «Ուսանողական ցուցակ» ուժը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 50,8 %-ը և հնարավորություն կունենա միանձնյա ձևավորելու կառավարություն։

BBC-ի փոխանցմամբ՝ դեռևս մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը իշխող Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի պարտությունը։

Սերբիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում նոր ընդդիմադիր ուժը՝ «Ուսանողական ցուցակ»-ը, ստացել է ձայների 50,84 %-ը։ Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի ուժի օգտին էլ քվեարկել է ընտրողների 40,41 %-ը։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 18 կուսակցություն և ընտրական ցուցակ, որոնցից 15-ը ստացել են ձայների 1 %-ից պակաս։

Սերբիայի նախկին նախագահի խոսքով՝ հաղթած ուժը խորհրդարանում կստանա 135-140 պատգամավորական մանդատ։ «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ շերտավորված ընտրանքի հիման վրա ստացված տվյալներից միանգամայն պարզ է՝ մենք պարտվել ենք այս ընտրություններում։ Հաղթել է բողոքի շարժման մասնակիցների ձևավորած «Ուսանողական ցուցակ»-ը։ Նրանք կստանան 135-140 պատգամավորական մանդատ, իսկ մենք՝ մոտ 105»,- իր աջակիցներին հայտարարել է Վուչիչը։ Նրա խոսքով՝ Սերբական առաջադիմական կուսակցությունը ստացել է մոտ 1 միլիոն 720 հազար ձայն, սակայն դա բավարար չի եղել հաղթանակի համար։

Վուչիչը նաև հայտարարել է, որ որևէ այլ կուսակցություն չի անցել խորհրդարան՝ բացառությամբ, հնարավոր է, Վոյվոդինայի հունգարների, որոնք կարող են ստանալ երեք մանդատ, ալբանացիների՝ մեկ մանդատ, ինչպես նաև Ժողովրդավարական գործողության կուսակցության (SDA)։

Վուչիչի կողմից պարտության այսքան արագ ընդունման հիմնական պատճառներից մեկը ընտրողների աննախադեպ բարձր մասնակցությունն էր։ Քվեարկությանը մասնակցել է Սերբիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 68 %-ը։ Սա Հարավսլավիայի փլուզումից ի վեր ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն է։

«Ուսանողական ցուցակ»-ը, որի կազմում ընդգրկված են քաղաքական փորձ չունեցող բազմաթիվ թեկնածուներ, դեռևս չի հայտարարել վարչապետի և կառավարության անդամների իր թեկնածուներին։ Ցուցակը գլխավորող սրտաբան Իլիա Սրդանովիչի համար Վուչիչի՝ պարտությունն ընդունելու հայտարարությունն անսպասելի է եղել։ Նա այնքան է հուզվել, որ չի կարողացել զսպել արցունքները։

«Սիրելի՛ Սերբիա, այսօր երեկոյան ժողովրդի ձայնը լսելի դարձավ։ Այսօր մենք տոնում ենք հաղթանակը, իսկ վաղվանից կառուցելու ենք ապագան»,- Reuters-ը մեջբերում է Բելգրադի համալսարանի պրոֆեսոր Ռադոմիր Սայչիչի խոսքերը, որը ուսանողների անունից ելույթ է ունեցել շարժման նախընտրական շտաբում։

Ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «Ուսանողական ցուցակին» առաջիններից մեկը շնորհավորել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։ «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Սերբիայի ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակի» առաջնորդների հետ՝ նրանց շնորհավորելու համար։ Ուրախ էի լսել, թե ապրիլին մեր հաղթանակը որքան մեծ ուժ է տվել նրանց այս դժվարին պայքարում»,- X-ի իր էջում գրել է Մադյարը։

Մադյարը Հունգարիայի վարչապետ է դարձել այն բանից հետո, երբ նրա գլխավորած «Տիսա» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթել է Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը, որը իշխանության ղեկին էր արդեն 16 տարի։ Զուգահեռաբար Սերբիայում Վուչիչը իշխում էր 12 տարի։ Սերբիայի արդեն նախկին առաջնորդն Օրբանին բազմիցս անվանել է իր ընկերը։

Առավոտյան Վուչիչը նույնպես շնորհավորել է «Ուսանողական ցուցակին» հաղթանակի կապակցությամբ, թեև միաժամանակ պնդել է, որ շարժման ներկայացուցիչներն ընդամենը «ուրիշների կողմից ինքնիշխան պետությունը տապալելու նպատակով ծրագրված կեղտոտ աշխատանքն իրականացնող կատարողներ են»։ «Մեր որոշ աշխատակիցներ կհեռանան, բայց մեր կառույցը շատ ամուր է։ Մենք շատ համախմբված ենք, մենք շատ ուժեղ ենք»,- հայտարարել է Վուչիչը։

Ինչպես և սպասվում էր, ընտրություններում հիմնական պայքարը ծավալվել է Ալեքսանդր Վուչիչի գլխավորած Սերբական առաջադիմական կուսակցության և «Ուսանողական ցուցակի» միջև։

Թեև նախընտրական հարցումները կողմերից որևէ մեկի ակնհայտ առավելությունը չէին արձանագրել՝ յուրաքանչյուրին կանխատեսելով ձայների մոտ 40 %-ը, վերլուծաբանների մեծ մասը ենթադրում էր, որ ընտրողների 65 % կամ ավելի բարձր մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, ձեռնտու կլինի ուսանողական շարժմանը։

Արդեն գրեթե երկու տարի է, ինչ Սերբիայում քաղաքական և հասարակական սուր բևեռացում է, որն սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Այդ ժամանակ կայարանի ծածկի փլուզման հետևանքով 16 մարդու մահը բողոքի ցույցերի ալիք էր առաջացրել ամբողջ Սերբիայի տարածքում։

Ալեքսանդր Վուչիչի քննադատները ողբերգության համար մեղադրել էին նրա կառավարությանը՝ տեղի ունեցածը կապելով կոռուպցիայի և պաշտոնեական անփութության հետ։

2024 թվականի դեկտեմբերից մինչ ընտրությունները Սերբիայում շարունակվում էին զանգվածային բողոքի ցույցերը։ Բողոքի ակցիաները համակարգող ուսանողական կոմիտեները կասկածի տակ էին դնում Վուչիչի իշխանության լեգիտիմությունը՝ պահանջելով նրա հրաժարականը և Սերբական առաջադիմական կուսակցության հեռացումը իշխանությունից։

Վուչիչի կողմնակիցներն իրենց հերթին ուսանողներին մեղադրում են արտասահմանյան դրամաշնորհների ֆինանսավորմամբ «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ։ Վուչիչը պնդում է, որ ընդդիմության հաղթանակի դեպքում նոր իշխանություններն անմիջապես պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ։

Սակայն ուսանողական շարժման նախընտրական ծրագրում այդ մասին որևէ նշում չկա։ Շարժման առաջնորդներն ընդգծում են, որ այն միավորում է ինչպես ազատական, այնպես էլ ազգայնական հայացքներ ունեցող քաղաքացիներին։

Վուչիչը, որը կողմ է Սերբիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը, հրաժարվում է Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց, նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր բարձրացնել կենսաթոշակներն ու պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև ավելացնել պետական առողջապահության ոլորտում ներդրումները։

Ընդդիմությունն այս խոստումները որակում է որպես պոպուլիզմ՝ պնդելով, որ Վուչիչի իշխանության օրոք կոռուպցիան երկրում այնպիսի ծավալների է հասել, որ իրական բարեփոխումների համար որևէ հնարավորություն չի մնում։

Լուսանկարը՝ Pedja Milosavljevic/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter