«Բոլորին ճանապարհել եմ, որ դուք հանգիստ գաք ընտրելու». Իջևանի 38/21 ընտրատեղամասում ընտրողների մասնակցությունը ցածր է
«Էս մարդ չկա՞»,- զարմացած հարցնում է 38/21 ընտրատեղամաս մտած ընտրողներից մեկը։
«Բոլորին ճանապարհել եմ, որ դուք հանգիստ գաք ընտրելու»,- կատակում է հանձնաժողովի քարտուղարը։
Իջևանի ավագ դպրոցում տեղակայված 38/21 ընտրատեղամասում մասնակցությունը բավականին ցածր է։ Ժամը 16:00-ի դրությամբ՝ 1428 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 343-ը կամ 24%-ը։
Ընտրական գործընթացն այս տեղամասում ընթանում է հիմնականում խաղաղ։ Ընտրողների մի մասը չէր տիրապետում քվեարկության կարգին։ Մի ընտրող էլ, չլսելով հանձնաժողովի անդամների ու նախագահի հորդորները, քվեարկեց առանց քվեախցիկ մտնելու։
«Ես էնպես կանեմ՝ չի երևա, թե ում եմ ընտրում»,- ասաց նա ու քվեաթերթիկը ծրարի մեջ դրեց քվեատուփի կողքին կանգնած։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ 19 համայնքում դրանք համամասնական կարգով են անցկացվում, 2-ում՝ մեծամասնական։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 տեղամասերի դռները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել