Ryanair-ի ղեկավարը զգուշացնում է 2027 թվականին ավիատոմսերի ռեկորդային թանկացման մասին
Ryanair ավիաընկերության գլխավոր տնօրեն Մայքլ ՕʼԼիրին զգուշացրել է, որ 2027 թվականին ուղևորներին սպասվում է ավիատոմսերի գնի ռեկորդային աճ։
Ըստ Bloomberg գործակալության՝ ՕʼԼիրին նշել է, որ գները կարող են աճել 20%-ով, իսկ պատճառը Միջին Արևելքում ընթացող իրադարձություններն են։ «Առաջիկա 12 ամիսների ընթացքում Եվրոպայում տեղի կունենա ավիատոմսերի գների, ես կասեի, ամենանշանակալի աճը ողջ պատմության ընթացքում։ Հարցն այն է, թե արդյոք այս բարձրացումը բավարար կլինի նավթի կտրուկ ավելացված ծախսերը հոգալու համար: Կարծում եմ՝ ոչ»,- հայտարարել է Ryanair ավիաընկերության գլխավոր տնօրենը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, նավթի գների աճը պայմանավորված է Միջին Արևելքում շարունակվող պատերազմով, և որպես հետևանք՝ ավիաընկերությունները ստիպված են վառելիքի լրացուցիչ ծախսը փոխհատուցել ավիատոմսերի գների աճի հաշվին։
Ryanair-ը բյուջետային ավիափոխադրող է, որը գրանցված է Իռլանդիայում։ Այն ուղևորահոսքի ծավալով և չվերթների քանակով ամենամեծն է Եվրոպայում։ Սակայն 2026 թվականի գարնանը ավիաընկերությունը հայտարարեց, որ աշնանից փակում է Բեռլինի բազան և այնտեղից դուրս բերում իր բոլոր ինքնաթիռները։ Բացի այդ, դեպի Գերմանիա թռիչքների քանակը կիսով չափ կկրճատվի։ Այս որոշման պատճառ էին դարձել Բեռլինի օդանավակայանի բարձր վճարներն ու ավիացիոն բարձր հարկերը։
Լուսանկարը՝ Fausto Podavini/Bloomberg
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել