HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր լիակատար և անվերապահ աջակցությունն է հայտնել երկրի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այդ մասին նա գրառում է արել Truth Social-ի իր էջում։

Թրամփը հայտարարել է, որ եթե Իսրայելի իշխանության ղեկին Նեթանյահուին փոխարինի մեկ այլ քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգները ստիպված կլինի ինքնուրույն դիմակայել Իրանին։ «Ես մտադիր չեմ դա անել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Նեթանյահուի կառավարության հետ համատեղ ռազմական և ֆինանսական առումներով «հետևողականորեն ոչնչացնում է» Իրանի վարչակարգը։ Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն և Իսրայելը շուտով «գործը կհասցնեն ավարտին»։ ԱՄՆ նախագահը Նեթանյահուին բնութագրել է որպես ուժեղ և խիզախ առաջնորդի, որը կարողացել է դիմակայել ինչպես արտաքին, այնպես էլ Իսրայելի ներսում առկա ճնշումներին։ Նա ընդգծել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է Իրանի դեմ պայքարում։

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։ Վերջին հարցումների համաձայն՝ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունն իր վարկանիշով զիջում է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությանը։

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, հարցումների արդյունքներով՝ «Լիկուդը» կարող է Կնեսետում ստանալ 19, իսկ «Յաշարը»՝ 22 պատգամավորական մանդատ։ Միաժամանակ, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինքների ընդհանուր աջակցության ցուցանիշները գրեթե հավասար են։

Իսրայելի 120 պատգամավոր ունեցող խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։

Ինչպես գրում է Associated Press գործակալությունը, ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու հնարավոր տարբերակներից մեկը ձախ, կենտրոնամետ և աջ ընդդիմադիր կուսակցությունների միավորումն է։ Մյուս տարբերակը Նեթանյահուի կուսակցության և ծայրահեղ աջ քաղաքական ուժերի ներկայիս համագործակցության շարունակությունն է։

Այս ֆոնին կարևոր դեր կարող են ունենալ նաև Իսրայելի արաբախոս բնակչության շահերը ներկայացնող կուսակցությունները։ Արաբները կազմում են երկրի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 20 %-ը։ Հարցումների համաձայն՝ արաբական կուսակցությունները կարող են Կնեսետում ստանալ 13-15 մանդատ, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ ապագա կառավարող կոալիցիայի ձևավորման վրա։

Քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնությունները, սակայն, կարող են բարդացնել կոալիցիոն բանակցությունները։ Եթե հակադիր քաղաքական ճամբարներից որևէ մեկին չհաջողվի ապահովել խորհրդարանական մեծամասնություն, Իսրայելը կարող է հայտնվել տևական քաղաքական ճգնաժամի առջև, որի հետևանքով հնարավոր կլինի նաև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Լուսանկարը՝ Anna Moneymaker/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter