HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի և Պուտինի «դիզելային համաձայնագիրը» արգելափակող օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Ռուսաստանի հետ կոռուպցիոն նավթային գործարքներն արգելելու մասին» օրինագիծը։ Դրա հեղինակը դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսն է։ Օրինագծին միացել է ևս 17 կոնգրեսականներ, որոնցից 16-ը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, իսկ մեկը՝ հանրապետական՝ Դոն Բեյքոնը։

Օրինագծով առաջարկվում է չեղարկել հոկտեմբերի 9-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության տրամադրած գլխավոր լիցենզիան, որով մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը թույլատրվում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումը համաշխարհային շուկաներ՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները։ Փաստաթղթով նախատեսվում է նաև արգելել հետագայում նմանատիպ լիցենզիաների տրամադրումը։

«Այս գործարքը չի նվազեցնի այն ծախսերը, որոնք ամերիկացիներն արդեն իսկ կրում են Իրանում Թրամփի նախաձեռնած և ձախողված պատերազմի հետևանքով։ Փոխարենը՝ այն Պուտինին միլիոնավոր դոլարներ կբերի՝ հնարավորություն տալով շարունակել անպատիժ սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին»,- օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է Միքսը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո հայտարարել էր, այսպես կոչված, «դիզելային գործարքի» մասին։ Դրա շրջանակում նախատեսվում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարում ամերիկյան և համաշխարհային շուկաներ։

Ռուսական վառելիքի մատակարարման նկատմամբ սահմանված պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու Թրամփի որոշումը քննադատության է արժանացել ինչպես ամերիկացի քաղաքական գործիչների, մասնավորապես՝ դեմոկրատների, այնպես էլ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների կողմից։

Լուսանկարը՝ Greg Nash/The Hill

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter