Թուրքիայում դադարեցվել է ընդդիմադիր Halk TV հեռուստաընկերության հեռարձակումը․ ընթանում է խուզարկություն
Ստամբուլում թուրքական ընդդիմադիր Halk TV հեռուստաընկերության խմբագրությունում վաղ առավոտից ոստիկանական խուզարկություն է սկսվել, ինչի հետևանքով դադարեցվել է հեռուստաընկերության հեռարձակումը։ Ինչպես հայտնել է հեռուստաընկերությունը, թուրքական իշխանությունների կողմից նշանակվել է արտաքին կառավարում։
Հեռուստաընկերության հայտարարության մեջ նշվում է, որ խմբագրական քաղաքականությունը քննադատության է ենթարկվել Թուրքիայի մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների կողմից։
«Այսօրվանից հեռուստաընկերության հեռարձակումը կգտնվի Խնայողական ներդրումների ապահովագրության թուրքական հիմնադրամի վերահսկողության տակ (նշանակվել է արտաքին կառավարիչ՝ խմբ.): Ոստիկանությունը շարունակում է խուզարկությունը։ Լրագրողներին արգելվել է մուտք գործել շենք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է Halk TV-ի հաղորդավար Դենիզ Բայրամօղլուն, հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Սուաթ Թոքթաշը բանակցություններ է վարել նորանշանակ արտաքին կառավարչի հետ հեռուստաընկերության հեռարձակման շարունակման վերաբերյալ, սակայն դրանք անարդյունք են ավարտվել։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներն էլ գրում են, որ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված հետաքննության շրջանակներում հեռուստաընկերության խուզարկությունն իրականացվել է դրա սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուի դեմ հարուցված քրեական գործի համատեքստում։
Ոստիկանության գործողությունն սկսվել է Երևանի ժամանակով առավոտյան 06:15-ին։ Halk TV-ի ստամբուլյան կենտրոնական գրասենյակ են մտել ոստիկանության միանգամից երեք ստորաբաժանումների աշխատակիցները՝ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի (Mali Şube), կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (KOM) և ահաբեկչության դեմ պայքարի (TEM) ստորաբաժանումները։
Գործի շրջանակներում արդեն իսկ տրվել է 17 մարդու ձերբակալման օրդեր, որից 11-ն արդեն կալանավորվել է։ Սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուն, ինչպես նաև գործով անցնող ևս 4 անձ, գտնվում են Թուրքիայի սահմաններից դուրս։ Եվս մեկ անձ էլ մեկ այլ գործով ազատազրկված է։ Մյուսների որոնումները շարունակվում են։
Ստամբուլի դատախազության պնդմամբ՝ գործողության համար հիմք են դարձել Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի իրականացրած հետաքննության արդյունքները, գաղտնի վկաների տվյալները և ֆինանսական աուդիտը։
Թուրքական ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, որ այս գործողությամբ թուրքական իշխանությունները երկրում սահմանափակում են խոսքի ազատությունը ու մեծ վնաս հասցնում Թուրքիայի հեղինակությանը։ Մահիրօղլուն էլ, սոցիալական ցանցերում մեկնաբանելով տեղի ունեցածը, նշում է, որ խուզարկությունը պայմանավորված է «ներքին քաղաքական խաղերով»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել