Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը 2027-ին էլ չի նորոգվի
«Այս պահի դրությամբ 2027 թվականի ծրագրերում Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող շենք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգում նախատեսված չէ»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երեւանի քաղաքապետարանից 20 օր է պահանջվել այս պատասխանը տրամադրելու համար։
«Հետքը» հոկտեմբերի 5-ին գրել էր Հակակոռուպցիոն դատարան (Թբիլիսյան խճուղի 3/9) տանող քարուքանդ ու փոշոտ ճանապարհի մասին։ Հոդվածում նշել էինք, որ դեռևս սեպտեմբերի 17-ին գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են ճանապարհի վիճակից, և երբ է նախատեսվում ճանապարհի վերանորոգումը։ Հոդվածի հրապարակման պահին քաղաքապետարանը չէր պատասխանել մեր հարցերին։
Հոդվածի հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանը 9 հարցից բաղկացած գրությանը մեկ նախադասությամբ է պատասխանել՝ ճանապարհի հիմնանորոգում նախատեսված չէ։
Քաղաքապետարանն անտեսել է «Հետքի» հարցերի մեծ մասը։ Որևէ անդրադարձ չի կատարվել՝ արդյոք մինչև հիմնանորոգումը նախատեսվում են ընթացիկ բարեկարգման աշխատանքներ (փոսալցում, հարթեցում), և արդյոք պատրաստվում են սահմանափակել կամ կարգավորել տարածքով անցնող բեռնատարների երթևեկությունը, որոնք փոշու ու ճանապարհի քայքայման հիմնական պատճառն են։
Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհի հիմնանորոգումը 2027 թվականի ծրագրերում էլ չկա։ Իսկ թե մինչ այդ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել քաղաքապետարանը՝ ճանապարհի փոսերը, փոշին ու բեռնատարների երթևեկությունից առաջացած խնդիրները նվազեցնելու համար՝ հայտնի չէ։ Այս պահին հայտնի է միայն, որ դատարան տանող ճանապարհն առաջիկայում ևս չի նորոգվի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել