ԿԳՄՍՆ-ն նախատեսում է գնահատել դասագրքի տեքստի լեզվական մատչելիությունն ու ընթեռնելիությունը
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է ներդնել դասագրքերիի տեքստի լեզվական մատչելիության և ընթեռնելիության լրացուցիչ գնահատման հնարավորություն՝ Լեզվի կոմիտեի կողմից մշակված՝ հայերեն տեքստի ընթեռնելիության համաթիվը հաշվարկող գործիքի կիրառմամբ։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ գործիքի կիրառման արդյունքները կկրեն գնահատմանն օժանդակող բնույթ և չեն կարող հիմք հանդիսանալ ուսումնական նյութը մերժելու համար։
Ընթեռնելիության արդյունքների հիման վրա առարկայական հանձնաժողովը կարող է առաջարկել մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական նյութի համապատասխան հատվածների լրամշակում՝ պահպանելով դրանց գիտականությունը, բովանդակային ամբողջականությունը և հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանությունը։
ԿԳՄՍ-ն նախագծում շեշտում է, որ միջազգային գնահատումների, այդ թվում՝ PISA 2025-ի արդյունքները ևս ընդգծում են ընթերցանության կարողությունների զարգացման կարևորությունը։ PISA-ի շրջանակում ընթերցանությունը դիտարկվում է որպես գրավոր տեքստերը հասկանալու, օգտագործելու, գնահատելու և դրանց շուրջ անդրադառնալու կարողություն։
«Հայաստանի PISA 2025-ի արդյունքները ցույց են տալիս, որ ընթերցանության կարողությունների զարգացման ուղղությամբ շարունակական և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ։
Այս համատեքստում դասագրքերի տեքստերի լեզվական մատչելիության և ընթեռնելիության նկատմամբ առավել համակարգված մոտեցման ձևավորումը կարող է դիտարկվել որպես ուսումնական նյութերի որակի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներից մեկը»,- ասված է նածագծի հիմնավորման մեջ։
Նախագծով ակնկալվում է, որ աշակերտներն ուսումնական տեքստերի ընկալման և տեղեկատվության հետ աշխատանքի համար առավել նպաստավոր պայմաններ կունենան, կբարելավվի դասաքրերի որակը, դասագրքերի գնահատման գործընթացում ընթեռնելիության նկատմամբ համակարգված մոտեցում կձևավորվի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել