Հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծրագիրը կավարտվի. Արսեն Թորոսյան
2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծրագիրը կավարտվի։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական փաթեթի ծրագիրն ընդունվել էր 2012-2013 թվականներին՝ որպես պետական համակարգում այն ժամանակ եղած շատ ցածր վարձատրության կոմպենսացում, որի շրջանակներում որոշակի ծառայություններ կարող էին գնել քաղաքացիները՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն։
«Բայց հատկապես վերջին տարիներին մեր այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, մեր տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձերի բարձրացումներ, թե՛ առողջության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը մեր քաղաքացիներին, քանի որ այն իր առջև դրված խնդիրն արդեն կատարել է»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Նա նշել է՝ այն քաղաքացիները, որոնք ունեն այժմ սոցիալական փաթեթ, կշարունակեն տիրապետել այն գումարներին, որոնք իրենց հաշիվներում կան, որովհետև մոտ 13 միլիարդ դրամ կուտակված գումարներ կան հիմա բանկերում։
«Իհարկե, կառավարությունը նաև հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները, որոնք հավանաբար շատ չեն տարբերվի այսօրվա ուղղություններից, բայց քննարկումները շարունակվում են, մենք դեռ վերջնական այդ մասով որոշում չունենք»,- ասել է նա։
Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ հունվարի 1-ից բարձրանալու է հանրային ծառայողների աշխատավարձը, նրանք տասնյակ հազարավոր քաղաքացիներ են, որոնք նաև սոցիալական փաթեթի շահառու են, ինչպես նաև նախարարը հիշեցրել է, որ հունվարի 1-ից 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության ծրագրի մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել