Դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը
Դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով կատարել հրապարակային գրառումներ սոցիալական ցանցերով։ Սակայն դատավոր Վահագն Մելիքյանը բացառություն է սահմանել աշխատանքային բնույթի գրառումների համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վերջինիս փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ Վահրամ Սահակյանն ակտիվ թատերական գործունեություն է իրականացնում՝ ներկայացումներում է խաղում և բեմադրում, դրանց հետ կապված հրապարակումներն են միայն բաց, մնացած մասով հրապարակումները փակ են»,- նշել է նա։
Այլ բնույթի սահմանափակումներ չեն սահմանվել դատարանի կողմից։
Հիշեցնենք՝ այսօր Վահրամ Սահակյանը ձերբակալվել էր 2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքում կատարած գրառման համար։
«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի (Վահրամ Սահակյանի-խմբ.) հրապարակումը պարունակում է ատելություն:
Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»,- նշվում էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել