Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Դոնալդ Թրամփը մնացել է առանց նախագահական փուլի (pool) նկարահանող խմբի։ Նախագահական փուլը լրատվամիջոցների համատեղ աշխատանքի համակարգ է, որի շրջանակում սահմանափակ թվով լրագրողներ և նկարահանող խմբեր լուսաբանում են ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառումները, մուտք ունեն Սպիտակ տուն և ստացված նյութերը փոխանցում են մյուս լրատվամիջոցներին։
Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է։ Փուլի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։
Այս աննախադեպ բոյկոտին նախորդել էր Դոնալդ Թրամփի` սեպտեմբերի 18-ի որոշումը, որով CNN-ին, Politico-ին և MS NOW-ին արգելվել էր աշխատել Սպիտակ տանը։ Թրամփն այդ որոշումը պատճառաբանել էր իր գործունեության վերաբերյալ այս լրատվամիջոցների բացասական լուսաբանմամբ։
Թեև Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը սահմանափակումների տակ չէին հայտնվել, նրանք հայտարարել են, որ, ի նշան գործընկերների հետ համերաշխության, չեն ապահովի նախագահի մասնակցությամբ միջոցառումների հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ այդ սահմանափակումները գործում են։
«Տեղեկացնում ենք, որ այսօրվանից հեռուստատեսային փուլը չի լուսաբանի նախագահի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնք նախատեսված են փուլի լուսաբանման համար»,- ասվում է Fox News-ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար Բրայան Բոութոնի հայտարարությունում։ Բոութոնը ներկայում ղեկավարում է հեռուստատեսային փուլը։
«Փուլի մնացած աշխատանքը կշարունակվի սովորական ռեժիմով՝ ներառյալ Կոնգրեսի, բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Վաշինգտոնում և երկրի տարբեր հատվածներում անցկացվող առանձին միջոցառումների լուսաբանումը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք»,- ասված է հայտարարությունում։
Այսպիսով, ԱՄՆ նախագահը երկուշաբթի Նյու Յորք կմեկնի առանց նախագահական փուլի հիմնական նկարահանող խմբի։ Առաջիկա օրերին Թրամփի օրակարգը հագեցած է նաև բարձր մակարդակի այլ միջոցառումներով։ ԱՄՆ է այցելելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որի հետ Թրամփը աշխատանքային հանդիպումներ է նախատեսում, ինչպես նաև նրա պատվին պետական ընթրիք կազմակերպել։
Նման մասշտաբի իրադարձությունները պահանջում են լայն հեռուստատեսային լուսաբանում, և սկզբում պարզ չէր, թե Սպիտակ տան վարչակազմն ինչպես է հանգուցալուծելու ստեղծված իրավիճակը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը գործարկել է Trump TV ալիքը, որն այս ընթացքում փոխարինելու է նախագահական փուլին։
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, CNN-ը, Politico-ն և MS NOW-ն հայտարարել են, որ դատական հայց են ներկայացնելու Թրամփի վարչակազմի դեմ։
Նրանց համատեղ հայտարարության համաձայն՝ լրատվամիջոցները մտադիր են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները՝ «պաշտպանելու այն սկզբունքը, որ Կառավարությունը չպետք է որոշի՝ ինչ թեմաներ է լուսաբանում մամուլը»։
ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունն արգելում է Կառավարությանը սահմանափակել մամուլի ազատությունը։ Դատարաններն այս դրույթն ավանդաբար մեկնաբանում են որպես արգելք՝ լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու՝ նրանց հրապարակումների բովանդակության հիմքով։
«Առանց որևէ նախնական ծանուցման կամ սահմանված ընթացակարգի Սպիտակ տունը չեղարկել է մեր լրագրողների հավատարմագրերը, քանի որ իրեն դուր չի եկել մեր լուսաբանումը»,- ասված է CNN-ի, Politico-ի և MS NOW-ի համատեղ հայտարարությունում։ «Եթե այս որոշումը չվիճարկվի, այն սպառնալիք կստեղծի մամուլի ազատության և հասարակության՝ պետական միջամտությունից զերծ անկախ լրատվություն ստանալու իրավունքի համար»,- նշել են լրատվամիջոցները։
Դրանից կարճ ժամանակ անց Թրամփը Truth Social-ում գրել է, որ Սպիտակ տունը «չի հարձակվում ազատ մամուլի դեմ», իսկ իր գործողություններն ուղղված են կեղծ լուրերի դեմ։
CNN-ը Սպիտակ տան հեռուստատեսային փուլում ուղիղ հեռարձակումներ ապահովող ամերիկյան հինգ լրատվամիջոցներից մեկն է։ Ռոտացիայի համաձայն՝ հեռուստաընկերությունը երկուշաբթի և երեքշաբթի պետք է լուսաբաներ Թրամփի այցը Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Սակայն երկուշաբթի առավոտյան Սպիտակ տան մամուլի գոտու նկուղային հատվածում գտնվող՝ CNN-ի հինգ աշխատակցի համար նախատեսված սենյակը, որտեղ հեռուստաընկերության աշխատակիցները սովորաբար աշխատում են վաղ առավոտից մինչև օրվա ավարտ, փակ էր և դատարկ։ Սենյակի էկրաններն ու մոնիտորներն անջատված էին։
Փոխարենը CNN-ի նկարահանող խումբը գտնվում էր Սպիտակ տան պահպանվող տարածքից դուրս և ուղիղ հեռարձակում էր իրականացնում մայթից։
Հինգ հեռուստաընկերությունները՝ ABC-ն, CBS-ը, CNN-ը, Fox News-ը և NBC-ն, համատեղ հայտարարությ արել։ «Հասարակության համար կենսական նշանակություն ունի իր կառավարության գործունեության մասին ճշգրիտ և անկախ տեղեկություն ստանալը։ Ոչ մի վարչակազմ չպետք է սահմանափակի լրատվական կազմակերպության աշխատանքը միայն այն պատճառով, որ իրեն դուր չի գալիս վերջինիս լուսաբանումը»,- ասված է հայտարարությունում։ Այս հինգ հեռուստաընկերություններն ունեն Սպիտակ տնից և նախագահի մասնակցությամբ միջոցառումներից ուղիղ հեռարձակումներ կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսներ և ենթակառուցվածք։
Ինչպես հայտնում են BBC-ի թղթակիցները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը լուսաբանող լրատվամիջոցների ցուցակներում Սպիտակ տան լրատվամիջոցների համար նախատեսված հատվածում գծիկ է դրված։ Միևնույն ժամանակ, պահպանողական Real America's Voice հեռուստաալիքը նշված է որպես «երկրորդական» նկարահանող խումբ, որը Թրամփին ուղեկցելու է Նյու Յորք։ Այնտեղ ԱՄՆ նախագահը հանդիպելու է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Անցած շաբաթ CNN-ի, Politico-ի և MS NOW-ի նկատմամբ սահմանափակումների մասին հայտարարելիս Թրամփը չէր նշել կոնկրետ նյութեր կամ հրապարակումներ, որոնք պատճառ էին դարձել այդ որոշման համար։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ խոսքը «վերջին մի քանի տարիների հրապարակումների ամբողջության մասին է»։ ԱՄՆ նախագահը նաև հավելել էր, որ «նրանց կարող են միանալ նաև ուրիշները»։
Երբ ավելի ուշ լրագրողներից մեկը հարցրել էր, թե ում նկատի ունի, Թրամփը պատասխանել էր. «Ուրիշներ՝ կեղծ լուրերի իմաստո՞վ։ Դե, գիտեք, New York Times-ը կեղծ լուրեր է, Washington Post-ը՝ կեղծ լուրեր»։
Բարաք Օբամայի վարչակազմը ևս փորձել էր սահմանափակել լրատվամիջոցներից մեկի՝ Սպիտակ տան գործունեության լուսաբանումը։ 2009 թվականին Fox News-ին չէին ցանկանում թույլ տալ մասնակցել վարչակազմի ներկայացուցչի հետ լրագրողական փուլի համար կազմակերպված հարցազրույցին։
Սակայն փուլի մյուս չորս հեռուստաընկերությունների առարկություններից հետո Fox News-ի լրագրողներին թույլատրվել էր մասնակցել հարցազրույցին։ Այդուհանդերձ, ի տարբերություն CNN-ի, MS NOW-ի և Politico-ի նկատմամբ Թրամփի որոշման, Օբամայի վարչակազմը չէր փորձում Fox News-ին ամբողջությամբ հեռացնել փուլի աշխատանքներից․ սահմանափակումը վերաբերում էր միայն մեկ կոնկրետ հարցազրույցի։
Փետրվարին Սպիտակ տունը հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ է վերցնում ԱՄՆ նախագահին հասանելիություն ունեցող լրագրողական փուլի կազմավորման գործընթացը։ Մինչ այդ ավելի քան մեկ դար այդ գործընթացը համակարգում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան։
Նույն ամսին վարչակազմը սահմանափակել էր Associated Press-ի լրագրողների և լուսանկարիչների մուտքն այն վայրեր, որտեղ կարող են ներկա լինել մամուլի սահմանափակ թվով ներկայացուցիչներ, այդ թվում՝ Օվալաձև աշխատասենյակ և նախագահական Air Force One ինքնաթիռ։ Պատճառը AP-ի որոշումն էր շարունակել օգտագործել «Մեքսիկական ծոց» անվանումը՝ «Ամերիկայի ծոց»-ի փոխարեն։ AP-ն այս որոշումը վիճարկել է դատարանում, իսկ դատական քննությունը շարունակվում է։
Կոլաժը՝ winknews.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել