HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն և Դանիան հայտարարել են Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնության մասին

ԱՄՆ-ն Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնություն է ձեռք բերել, որով Միացյալ Նահանգներին տրամադրվում է «մշտական վերահսկողություն Գրենլանդիայի անվտանգության և մյուս բոլոր կարիքների նկատմամբ»։ Այդ մասին Truth Social-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն «ընդմիշտ» իրավունք է ստանում Գրենլանդիայում «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է» կղզու և ԱՄՆ-ի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ի որևէ հակառակորդ չի կարողանա Գրենլանդիայում ռազմաբազա ունենալ, ռազմական ներկայություն ապահովել կամ ներդրումներ կատարել առանց Վաշինգտոնի համաձայնության։

Թրամփը հայտարարել է, որ այս գործարքը ԱՄՆ-ի համար «ոչինչ չի արժենա»։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն «անմիջապես սկսում է Գրենլանդիայի համապատասխան հատվածում խոշոր ռազմական ներկայություն ստեղծելու գործընթացը»։

Դանիան և Գրենլանդիան ևս համատեղ հայտարարություն են տարածել։ Դրանում նշվում է, որ կողմերի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ համաձայնագիրն ամրապնդում է «ընդհանուր անվտանգությունն Արկտիկայում և Հյուսիսատլանտյան տարածաշրջանում»։ Այն նաև ճանաչում է Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Համաձայնագիրը ճանաչում է Գրենլանդիայի շահերն ու մեր տեղը միջազգային համագործակցության մեջ։ Սա բոլորիս օգտին է»,- իր հերթին հայտարարել է Գրենլանդիայի կառավարության ղեկավար Ենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների մասին։ Նա դա հիմնավորել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքների պայմաններում ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ պնդելով, որ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել կղզին։

Սպիտակ տունն առաջարկել էր գնել Գրենլանդիան, սակայն նաև չէր բացառել դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ուժի կիրառումը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում ուժ կիրառել՝ «այդ մեծ ու գեղեցիկ սառցի կտորը» ձեռք բերելու համար։

Լուսանկարը՝ AP Photo/Evgeniy Maloletka

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter