ՊԵԿ-ը չի պարզել քաղաքացու չգրանցված աշխատելու փաստը և ծառայողական քննության կարիք էլ չի տեսել
Չգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչու է պետական մարմինը դրսում հանդիպումներ անում, ՊԵԿ-ը հայտարարել է, թե ծառայողական քննություն սկսելու հիմքեր չկան, իսկ սպասարկման սրահի փակ լինելու պատճառով այդպես էլ չի հաջողվել պարզել՝ քաղաքացին աշխատել է առանց գրանցման, թե՝ ոչ։
Ռայիսա Զաքարյանը 2025 թվականի ապրիլից աշխատել է Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի 8/5 հասցեում գտնվող «Օզոն»-ի սպասարկման կետում։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, իսկ տնօրենի փոփոխությունից հետո իրեն այդպես էլ չեն գրանցել որպես աշխատող։ Աշխատանքից հեռանալուց հետո էլ նա չի ստացել իրեն հասանելիք վերջնահաշվարկը՝ 70 հազար դրամ չվճարված աշխատավարձը։
2026 թվականի մայիսի 5-ին Ռայիսան դիմել էր Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ հայտնելով, որ աշխատել է առանց գրանցման և չի ստացել իր գումարը։
«Հետքը» օգոստոսի 3-ին գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե ինչ գործողություններ է իրականացրել պատասխանատու մարմինը քաղաքացու դիմումից հետո և արդյոք նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչու է ՊԵԿ աշխատակիցը քաղաքացու դիմումը քննարկելու համար նրան հրավիրել այգի։ ՊԵԿ-ը միջանկյալ գրությամբ հայտնել էր՝ հավելյալ ժամանակ է պետք ուսումնասիրություն իրականացնելու համար և հայտնել, որ հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։
«Հետքին» ուղարկած պատասխանում ՊԵԿ-ը գրել է, որ ստուգման ընթացքում իր աշխատակիցները մի քանի անգամ այցելել են դիմումում նշված սպասարկման կետ, սակայն բոլոր այցելությունների ժամանակ այն փակ է եղել։ Այդ պատճառով տեղում վերահսկողական գործողություններ իրականացնել չի հաջողվել, և նախկին գործատուի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել։
Կոմիտեից պարզաբանում են, որ այս փուլում չգրանցված աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները բավարար փաստական հաստատում չեն ստացել, բայց միևնույն ժամանակ դրանք հերքելու հիմքեր էլ չեն եղել։
Քաղաքացու և ՊԵԿ-ի մեկնաբանությունները չեն համընկնում
«Հարկային ծառայողները կապ են հաստատել դիմումատուի հետ և առաջարկել ներկայանալ ՀՀ ՊԵԿ վարչական շենք՝ իր տրամադրության տակ առկա՝ ստուգման առարկային վերաբերող տեղեկությունները և ապացույցները ներկայացնելու նպատակով։ Դիմումատուն հայտնել է ՀՀ ՊԵԿ վարչական շենք ներկայանալու անհնարինության մասին, ինչից հետո, վերջինիս մասնակցությունն ապահովելու նպատակով, առաջարկվել է հանդիպումն իրականացնել նրա համար հարմար վայրում: Հետագայում հարկային ծառայողները փորձել են կապ հաստատել դիմումատուի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել, ինչի հետևանքով նախատեսվող հանդիպումը չի կայացել»,- նշված է ՊԵԿ-ի ուղարկած պատասխանում։
Ռայիսա Զաքարյանը, մինչդեռ, հավաստիացնում է, որ ՊԵԿ աշխատակիցն ինքն է հրաժարվել հանդիպումը կոմիտեի շենքում անցկացնելուց և առաջարկել է հանդիպել այգում։ Քաղաքացուն տարօրինակ է թվացել, թե ինչու է հարկայինի աշխատակիցը ցանկանում հարցերը քննարկել դրսում, ինչն էլ վրդովմունք է առաջացրել։
Բացի այդ, «Հետքը» նախորդ հոդվածը պատրաստելիս կապ էր հաստատել նաև ՊԵԿ աշխատակից Հովհաննես Պողոսյանի հետ։ Վերջինս պարզաբանել էր, թե պարզապես ցանկացել է «քաղաքացուն նեղություն չտալ», որպեսզի նա չգա ՊԵԿ, ուստի առաջարկել է հանդիպել իրեն հարմար վայրում։ Մեր այն հարցին, թե արդյոք քաղաքացիների դիմումների ընթացքն ապահովող ընթացակարգը ենթադրում է հանդիպումներ այգիներում, պաշտոնյան պատասխանել էր՝ «ոչ», և կրկնել, որ նպատակը միայն քաղաքացուն ընդառաջելն է եղել։
Իմանալով, որ նյութ է պատրաստվում, ՊԵԿ աշխատակիցը ցանկություն էր հայտնել հանդիպել լրագրողի հետ և հարցը տեղում քննարկել։ Մենք նրան հրավիրել էինք «Հետքի» խմբագրություն, սակայն նա այդպես էլ չէր ներկայացել։
ՊԵԿ-ը ծառայողական քննություն չի նախաձեռնել
«Հետքի» հրապարակումից հետո ՊԵԿ ներքին անվտանգության ստորաբաժանումն ուսումնասիրել է քաղաքացու հետ հանդիպման վերաբերյալ ներկայացված հանգամանքները։ Կոմիտեն, սակայն, հայտնում է, որ ծառայողական քննություն նախաձեռնելու բավարար հիմքեր չեն եղել։
Միաժամանակ, կառույցը նշել է, որ ստուգման հանձնարարագրում ներգրավված աշխատակիցներին հանձնարարվել է խստորեն պահպանել քաղաքացիների հետ հաղորդակցության և ծանուցման սահմանված ընթացակարգերը։
ՊԵԿ-ից հավելել են, որ քաղաքացիների հետ հանդիպումների նախընտրելի ձևաչափը կոմիտեի վարչական շենքում հանդիպելն է, իսկ դրանից դուրս աշխատանքային շփումները պետք է իրականացվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում։
Այդուհանդերձ, անհասկանալի է մնում, թե ինչ «բացառիկ անհրաժեշտություն» է տեսել ՊԵԿ աշխատակիցը Ռայիսա Զաքարյանի հետ հանդիպումը այգում անցկացնելու համար։
«Հաշվի առնելով, որ դիմումատուն պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և ապացույցներ, սակայն մինչ օրս չի արձագանքել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց առաջարկին՝ դիմումում ներկայացված հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզաբանման նպատակով ակնկալվում է նաև դիմումատուի համագործակցությունը»,- նշված է ՊԵԿ-ի պատասխանում։
Նախկին գործատուն աշխատողի 70 000 դրամը մինչ օրս չի վճարել
«Հետքի» նախորդ հրապարակման ժամանակ «Օզոն»-ի սպասարկման կետի տնօրեն Հայկ Դարբինյանը հայտնել էր, որ Ռայիսայի հետ պայմանավորվածություն ունի և նրան անպայման կվճարի։ Նա վճարման ուշացումը կապել էր անձնական խնդիրների և երկրում չգտնվելու հետ։
Ռայիսան ասում է, որ այդ խոստումից հետո էլ նա մինչ օրս գումարը չի ստացել։ ՊԵԿ-ն էլ իր հերթին, նշում է, որ աշխատավարձի չվճարման հետ կապված աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ հսկողության իրականացումը չի դասվում պետական եկամուտների կոմիտեին վերապահված լիազորությունների շրջանակին:
Գլխավոր լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել