Ինչո՞ւ Տեսչականը «չի տեսնում» Հրազդանի կիրճի աղտոտումն ու ջարդված ծառերը
«Հետքի» անդրադարձից հետո, թե ինչպես են COP17-ի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում Հրազդանի կիրճ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարչական վարույթ էր հարուցել։ Սակայն կարճ ժամանակ անց կարճել է վարույթը՝ պնդելով, թե «ծառերը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասված չեն», վնաս հաշվարկել հնարավոր չէ, իսկ «գետի հունի փոփոխություն տեղի չի ունեցել»։
Վարույթի կարճումից հետո «Հետքը» կրկին այցելել է տարածք։ Տեղում արձանագրել ենք, որ Տեսչական մարմնի «անվնաս» համարած շինարարության հետևանքով մի շարք ծառեր արդեն ջարդվել են, մյուսներն էլ թեքվել են ու ամեն պահի կարող են տապալվել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) ընդունել է, որ շինարարական հողաշերտերը լցվել են Հրազդան գետի լանջին ու ծառերի միջև։ Սակայն Տեսչականը կարճել է վարչական վարույթը՝ առաջնորդվելով օրենքի յուրահատուկ մեկնաբանությամբ. քանի որ ծառերը դեռ չեն չորացել, գետի հունն էլ չի փոխվել, ուրեմն «չափելի վնաս» չկա, հետևաբար չկա նաև խախտում։
Մինչդեռ ՀՀ «Ջրային օրենսգրքի» 98-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ջրային ռեսուրսին հարակից տարածքի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է կանխել էկոլոգիական համակարգին սպառնացող ցանկացած վտանգ, և ընդհանրապես, ջրային օբյեկտների հետ փոխկապակցված էկոհամակարգերը ենթակա են պահպանման:
99-րդ հոդվածի համաձայն՝ ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որևէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Այն նաև պետք է պահպանել աղտոտումից ու աղբոտումից:
ԲԸՏՄ-ն իր որոշման մեջ հղում է անում «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածին, որտեղ վնասը հաշվարկվում է ծառի կոճղի տրամագծով (երբ ծառն արդեն չորացել է կամ ոչնչացվել)։
Սակայն տպավորություն է, որ Տեսչական մարմինն «անտեսում է» նույն օրենքի 4-րդ հոդվածը: Այն սահմանում է, որ իրավախախտում է համարվում նաև բուսական ծածկույթի ջրապահպան ու հողապաշտպան հատկությունների խաթարումը, ինչպես նաև էկոհամակարգին վնաս հասցնելու վտանգ ստեղծելը։
Այսինքն՝ եթե ծառերն այդ պահին չորացած չէին, դեռևս չի նշանակում, որ շինարարական թափոնը կիրճ լցնելն օրինական էր։ Տեսչական մարմինը նախ և առաջ պետք է պարզեր՝ արդյո՞ք թույլատրելի էր թափոնները կիրճ լցնելը, այլ ոչ թե սպասեր, թե երբ է այն անդառնալի հետևանքներ թողնելու կիրճի բուսականության ու Հրազդան գետի վրա։
Այսպիսով, «Մերիդիան» էքսպոկենտրոն կատարած երկրորդ այցից պարզվում է, որ շինարարական աշխատանքների հետևանքով Հրազդանի կիրճի հարակից հատվածում ծառերը շարունակում են վնասվել, ավելին՝ Հրազդան գետի մի հատվածում ջուրը կուտակվում է։ Միևնույն ժամանակ, վարչական վարույթի կարճման հիմքում դրված՝ «ծառերի մինչև աճի դադարեցման աստիճանի չվնասվելու» և «գետի հունի չփոխվելու» հանգամանքներն ինքնին չեն ազատում կառուցապատողին պատասխանատվությունից, քանի որ խախտվել են ջրային և բուսական ռեսուրսների պահպանման՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջները։
«Հետքի»՝ տարածքում նկարահանած տեսանյութը նայելուց ու տեղում իրավիճակն անձամբ դիտարկելուց հետո միայն մեկ հարց է առաջանում՝ Տեսչական մարմնի աշխատակիցներն ընդհանրապես եղե՞լ են դեպքի վայրում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել