HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Շինհրապարակներում պատահարների թիվը աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մահացել

2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից։

Այս երկու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, նախաքննությունն էլ շարունակվում է։

Կա մի ուշագրավ փաստ․ դեռ մայիսին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել «Դեֆանս Հաուզինգ ինվեստ»-ՓԲԸ–ում և արձանագրել խախտումներ։ Թե հատկապես ի՞նչ խախտումներ են եղել՝ տեսչական մարմինը լռում է։ Իսկ այս լռությունից շաբաթներ անց գրանցվեց նոր պատահարը․ ընկերությունը նույնպես հրաժարվում է պատասխանել մեր գրավոր հարցումներին։

Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել է 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։ Այսինքն՝ 2023-2025 թվականներին պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 142 դեպք։ 

Նույն ժամանակահատվածում շինհրապարակներում տեղի ունեցած պատահարների հետևանքով մահացել է 80 մարդ։ Այս դեպքերի առնչությամբ հաճախ նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն դրանց միայն փոքր մասն է հասնում դատարան։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2023 թվականի ընթացքում «ՀՀ քրեական օրենսգրքի» 355-րդ հոդվածի  հատկանիշներով նախաձեռնվել է 246 քրեական վարույթ, 140 քրեական վարույթ կարճվել է, 10 քրեական վարույթ 10 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ 

Դատախազության և Ոստիկանության տրամադրած տվյալների անհամապատասխանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Դատախազության վարած վիճակագրության մեջ ներառված են շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու հետևանքով առաջացած դեպքերը։ Իսկ Ոստիկանության տրամադրած տեղեկատվության մեջ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում արձանագրված դեպքերը առանձնացված են։

2024 թվականի ընթացքում 26 քրեական վարույթ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, 2025 թվականի ընթացքում՝ 42 քրեական վարույթ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9 քրեական վարույթ:

Այսպիսով, շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման պատճառով պատահարների թիվը գնալով աճում է։ Պատահարներից հետո հարուցվում են քրեական վարույթներ, որոնց նախաքննությունը չափազանց երկար է տևում։ Վերջնարդյունքում էլ դրանց միայն փոքր մասն է հասնում դատարան։

Մինչ պատրաստվում էր այս հոդվածը, ողբերգական ցուցակը համալրեց ևս մեկ անուն․ օգոստոսի 24-ին Հին Երևանցի փողոցում կառուցվող շենքի 7-րդ հարկից վայր ընկավ ու մահացավ 44-ամյա մի տղամարդ։


Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Գլխավոր լուսանկարը՝ «Դեֆանս Հաուզինգի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter