Հայաստանի վերադարձը համաշխարհային գինու քարտեզ. Le Figaro-ի անդրադարձը՝ Արմենիա Վայնի և հայկական գինու մասին
Վճարովի բովանդակություն
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականն անդրադարձել է հայկական գինեգործության վերածննդին՝ «Հայաստանի մեծ վերադարձը համաշխարհային գինեգործական ասպարեզ» խորագրով հոդվածում։ Լրագրող Ստեֆան Ռեյնոն ներկայացնում է Հայաստանը որպես հազարամյակների գինեգործական պատմություն ունեցող երկիր, որն այսօր փորձում է իր հնագույն ժառանգությունը վերածել ժամանակակից գինեգործության կարևոր առավելության։
Հոդվածում առանձնահատուկ տեղ է հատկացված Armenia Wine ընկերությանը, որը ներկայացվում է որպես երկրի գինեգործական ոլորտի առաջատարներից մեկը։
Տեխնոլոգիական ոլորտում հաջողության հասած Վահագն Մկրտչյանի և Վարդգես Վարդանյանի հիմնադրած ընկերությունն այսօր տարեկան արտադրում է շուրջ 8 միլիոն շիշ։ Ընկերությունը նաև բացել է գինու պատմության առաջին թանգարանը Հայաստանում, որտեղ ժամանակակից ձևաչափով ներկայացվում են հայկական գինեգործության ակունքներն ու պատմական ժառանգությունը։
Le Figaro-ի գնահատմամբ վերջին տարիներին ոլորտի զարգացումը զգալի է․ ընդամենը յոթ տարվա ընթացքում հայկական գինիների պիտակների թիվը 35-ից հասել է 165-ի։ Նոր սերնդի արտադրողները շեշտը դնում են տեղական սորտերի, որակի և հայկական ծագման պատմության վրա։
Ֆրանսիական պարբերականը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական ժառանգությանը։ Երևանի համալսարանի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմի լաբորատորիայի ղեկավար Քրիստինա Մարգարյանի խոսքով՝ Հայաստանը համարվում է խաղողի ընտելացման հնագույն կենտրոններից մեկը։ Այսօր միջազգային կատալոգում պաշտոնապես գրանցված է գենետիկորեն տարբեր 400 հայկական սորտ, ևս շուրջ 50-ը գտնվում են հաստատման փուլում։
Հոդվածում առանձնացվում են հատկապես կարմիր Արենին և սպիտակ Ոսկեհատը, որոնք արդեն դարձել են հայկական ժամանակակից գինեգործության խորհրդանիշները:
Հոդվածի առանցքում Վայոց Ձորն է և Արենիի քարանձավը, որտեղ հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ հայտնաբերվել է շուրջ 6100 տարվա վաղեմություն ունեցող գինու արտադրամաս։ Այստեղ պահպանվել են խաղողի ճզմման ավազան, կավե տարաներ, խաղողի կորիզներ ու ողկույզների մնացորդներ։ Le Figaro-ն այս գտածոն ներկայացնում է ոչ միայն որպես հայկական, այլև համաշխարհային գինեգործական պատմության բացառիկ վկայություն։ Հոդվածում ընդգծվում է նաև, որ այն ժամանակ գինին առօրյա ըմպելիք չէր․ այն նախատեսված էր հիմնականում վերնախավի և ծիսական արարողությունների համար՝ խորհրդանշելով կապը կյանքի, մահվան և անդրշիրիմյան աշխարհի միջև։
Le Figaro-ի հոդվածի հիմնական ուղերձը հստակ է ձևակերպված․ Հայաստանը ոչ թե պարզապես նոր գինեգործական երկիր է փորձում դառնալ, այլ վերադառնում է մի ոլորտ, որի պատմական ակունքներից մեկն ինքն է։ Ավելի քան 6000 տարվա ժառանգությունը, հարյուրավոր տեղական խաղողի սորտերը և նոր սերնդի արտադրողների հավակնությունները այսօր Հայաստանին հնարավորություն են տալիս նորից ներկայանալ համաշխարհային գինու քարտեզում՝ արդեն որպես ժամանակակից և ինքնատիպ գինեգործական երկիր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել