Խոցելի խմբերի թիրախավորում, ատելության խոսք ու ճնշումներ․ երիտասարդների մասնակցությունն ընտրություններին
«Դիգնիթի» մարդասիրական հասարակական կազմակերպությունն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմակերպել էր քննարկում, որտեղ ներկայացվեցին «Իմ ձայնը կարեւոր է. երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի արդյունքները։
Հանդիպման մեկնարկին ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանն ասաց, որ նպատակն է եղել նպաստել 18-35 տարեկան երիտասարդների տեղեկացված, ակտիվ և ժողովրդավարական մասնակցությանը ընտրական գործընթացներին՝ բարձրացնելով նրանց մեդիագրագիտության մակարդակը և ապատեղեկատվությունը տարբերակելու կարողությունը։
«Ծրագրի ընթացքում իրականացվել են մի շարք փոխլրացնող գործողություններ։ Առաջինը՝ դասընթացավարների վերապատրաստման դասընթացը 20 երիտասարդ ակտիվիստների համար, ովքեր հետագայում հնարավորություն ունեցան փոխանցելու իրենց ձեռք բերած գիտելիքները Հայաստանի 10 մարզերի ավելի քան 200 երիտասարդներին»,- ասաց Ալինա Միրզոյանը։ Նրա խոսքով՝ իրականացրել են նաև տեղեկատվական արշավներ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Ծրագրի շրջանակներում կատարվել է նաև ընտրական գործընթացներում երիտասարդների և խոցելի խմբերի ներգրավվածության, խոցելի խմբերի մասնակցության մարտահրավերների ու թիրախավորման մասին ուսումնասիրություն, կազմվել է զեկույց. այն ներկայացրեց փորձագետ Անահիտ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շահառու խմբերն են եղել Արցախից տեղահանված անձինք, ԼԳԲՏՔԻ համայնքը, սեքս աշխատողները, հոգեներգործուն նյութեր օգտագործողները և այլ խոցելի խմբեր, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք։
«Ամենաշահարկվող թեմաներից են եղել Արցախի թեման, ազգային անվտանգության թեման, ինչպես նաև այս համատեքստում սուր տարբերակում է դրվել դեպի Ռուսաստան գնալու մոտեցումը և հակառակ՝ դեպի Արևմուտք գնալու ուղղությունը»,- ասաց Անահիտ Մկրտչյանը։
Արցախի թեմայի առնչությամբ փորձագետը մատնանշեց նրանց ընտրական իրավունքի հարցը. «2026 թվականին նրանք զրկվեցին ընտրական իրավունքից մի պարզ պատճառաբանությամբ, որ չունեն ՀՀ քաղաքացիություն, այլ ունեն փախստականի կարգավիճակ։ Հետաքրքիր դատական նախադեպեր եղան, մարդիկ կային, որոնք հաղթեցին դատարանում, սակայն այդ գործերը ընթացքի մեջ են, քանի որ պետությունը բողոքարկել է»,- ասաց Անահիտ Մկրտչյանը։
Նա խոսեց նաև ԼԳԲՏՔԻ անձանց հետ կապված մանիպուլյացիաներից։ Փորձագետի խոսքով՝ այդ անձանց հարցը չի քննարկվել իրավական տեսանկյունից, այլ քննարկվել է դրա հակաավանդական լինելու շեշտադրումով։ «Հիմնականում արձանագրվել են «Ուժեղ Հայաստանի» կողմից ապատեղեկատվության տարածումներ, սակայն եղել են նաև անանուն կամ մասնավոր օգտատերերի կողմից արված գրառումներ»,- նշեց փորձագետը։
Նախընտրական շրջանում միջազգային դիտորդները ևս արձանագրել են ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներ, սակայն, Անահիտ Մկրտչյանի փոխանցմամբ, ատելության խոսքի որևէ դեպք իրավական հետևանք չի ունեցել։
Ընտրությունների վերաբերյալ երիտասարդների կարծիքը լսելու համար հետազոտության հեղինակները ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացրել։ «Պետք է փաստեմ, որ երիտասարդներն արդեն բավականին իրազեկված են և շատ ավելի հետաքրքրված են, իրենց իրավունքների հասցեատերն են, քան տարիներ առաջ»,- ասում է Անահիտ Մկրտչյանը։
Երիտասարդները նշել են նաև, որ ընտրությունը կատարել են բացառման սկզբունքով։ Ըստ փորձագետի՝ թե՛ իշխող և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերին բացառման սկզբունքով ընտրել ցանկացող երիտասարդներ եղել են։
Իսկ ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, փորձագետն ասաց, որ ընտրատեղամասերի մոտ կեսն է հարմարեցված եղել նրանց, և այդ անձինք կարող էին նախապես փոխել ընտրատեղամասը և շատ դեպքերում չեն արել, քանի որ իրազեկված չեն եղել այդ մասին։ «Լավագույն իրավիճակը կլինի այն, որ բոլոր տեղամասերը հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասաց Անահիտ Մկրտչյանը՝ նշելով, որ տեղամասերում չի եղել նաև խոշորացույց։
Հետազոտողներն արձանագրել են նաև ուսանողների, աշխատակիցների նկատմամբ ճնշման, հարկադրանքի դեպքեր։
Հիմնվելով հետազոտության վրա՝ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց մի քանի առաջարկներ։ Ըստ նրա՝ ընտրական իրավունքի վերաբերյալ իրազեկման և կրթական արշավներ, ծրագրեր պետք է իրականացնել ոչ միայն ընտրություններից առաջ, այլև մշտապես։
Նա առաջարկեց նաև, որ քաղաքական ուժերը հստակ ամրագրեն դրույթներ՝ տարբեր սոցիալական խմբերի վերաբերյալ, ոչ թե խուսափեն թիրախավորումից, այլ հստակ անդրադառնան տարբեր խմբերի իրավունքներին և դրանց համար առաջարկեն լուծումներ։ Առաջարկներից էր նաև էթիկական կանոնների պահպանումը և ատելության խոսքից զերծ մնալը։
Զեկույցի ներկայացումից հետո ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանն ասաց, որ հետազոտությունը ներկայացվելու է բոլոր շահագրգիռ անձանց և քննարկումների միջոցով փորձելու են գտնել ճանապարհներ, թե ինչպես կարելի է մատնանշված առաջարկները հասցնել իրականացման։
Ծրագիրն իրականացվել է New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և մարզային մի շարք ՀԿ-ների հետ համագործակցությամբ։
Լուսանկարները՝ «Դիգնիթի» ՀԿ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել