Պարզվել են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ պարզվել են հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները։ Բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:
«Վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:
Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026թ, պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված` 14․04․2026թ, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր (արտադրված՝ 07․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 1 տարի) և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:
Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա, ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 1-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խախտումներին։
«Արձանագրվել են մեր գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։ Ապագայում Ֆրանսիայի պետությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից»,- նշված էր հայտարարության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել