HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

«Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին Տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել:

Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,- ասված է հաղորդագրությունում։

ՍԱՏՄ-ն հաղորդագրությունը տարածելուց հետո լրացում կատարեց, ըստ որի՝ վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:

«Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
- «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-սաղմոնով կրուասան,
- «Մարիոթ Արմենիա»-ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
- «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ:

Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն»,- հայտնել են ՍԱՏՄ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter