Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
63 կողմ և 28 դեմ․ փակ քվեարկության արդյունքներով Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Նա եղել է նախորդ երեք խորհրդարանների պատգամավոր, իսկ 8-րդ գումարման ԱԺ-ում Կոնջորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն էր։
Երկու օր է՝ Ազգային ժողովում քննարկում էր Կոնջորյանի թեկնածությունը։ Թիրախում հիմնականում նրա ընտանիքի անդամներն էին։ Ավելի կոնկրետ, Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, «Հայ Փոստ» ընկերության տնօրենն է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հետաքննության՝ Կոնջորյանի կինը այդ հաստիքին է 2024 թվականից և ամսական ստանում է մոտ 3,6 մլն դրամ աշխատավարձ։ Հետաքննությամբ լրատվականը նշում է նաև, որ «Հայ Փոստ» ընկերության ֆինանսական վիճակը գնալով վատթարանում է, ներգրավվում են վարկային միջոցներ։ Նշենք, որ ընկերությունը 2020-ից պետական կառավարման ներքո է աշխատում։
Ըստ Կոնջորյանի՝ իր կինը մինչ այդ եղել է կազմակերպության վարչության ղեկավարը․ «Իմ կինը «Հայ Փոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացած տնօրենն է։ Երբևէ «Հայ Փոստի» պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, որքան ստացել է իմ կինը»,- նշեց նա։
Ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ կազմակերպության աշխատակիցների մի մասը՝ փոստատարների հաստիքով աշխատողները, էականորեն ավելի ցածր աշխատավարձ են ստանում։
Մյուս սլաքը Կոնջորյանի եղբոր դեմ էր, մասնավորապես, «Հետքը» գրել էր, որ Կոնջորյանի եղբայրը «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ի տնօրենն էր։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։ «Միոլն մայնինգը» կարողացել էր Աբովյան համայնքից ձեռք բերել քաղաքի զբոսայգու մի մասը և այնտեղ շինարարական աշխատանքներ սկսել։
Ի դեպ, նախօրեին Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով։ Համացանցում տեսանյութեր էին տարածվել, որում Կոնջորյանի եղբայրը, ենթադրաբար, մեքենայով անցնում է և հայհոյանքներ հնչեցնում։ Ավելի վաղ հրապարավել էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկում։ Գործով ձերբակալվածներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել