Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Սպիտակ տանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է երեքշաբթի՝ հուլիսի 28-ին, Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Reutes-ի և Axios-ի փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունների փաստը հաստատել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։
Reuters-ի ուկրաինական աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին հետաքրքրված է այդ հանդիպմամբ, բայց նրա թիմը սպասում էր Սպիտակ տան կողմից Թրամփի ժամանակացույցի վերջնական հաստատմանը: Այցի ամբողջական ծրագիրը դեռևս չի հրապարակվել։
Axios-ի տվյալներով էլ՝ Զելենսկին մտադիր է ներկա գտնվել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի արարողությանը, որն ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային ռազմական աջակցության կողմնակիցներից մեկն էր: Մահից անմիջապես առաջ Գրեհեմը Կիևում հանդիպել էր Զելենսկու հետ։
Զելենսկու և Թրամփի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի սկզբին Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ ժամանակ նախագահները քննարկել էին պատերազմն ավարտելու դիվանագիտական ուղիները, ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժեղացումը և Կիևին հետագա ռազմական աջակցությունը։
Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը պետք է լինի պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի վերսկսման փորձերը։
Հուլիսի 22-ին Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Բանակցություններին մասնակցել էին նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ամերիկյան կողմը հայտնել է, որ պատրաստել է պատերազմը դադարեցնելու մի քանի տարբերակ, որոնք մտադիր է ներկայացնել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին: «Քննարկվել են հանդիպման հնարավորություններն, ու ԱՄՆ-ն ունի պատերազմի դադարեցման մի քանի պլան։ Նրանք մեզ հետ կկիսվեն այդ գաղափարներով»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները միայն հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները: Կիևը մտադիր է դրանք մանրամասն քննարկել առաջիկա շփումների ժամանակ։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների նոր եռակողմ հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև աշուն: Նրա խոսքով՝ վայրն ու ամսաթիվը դեռ վերջնականապես որոշված չեն, բայց բանակցությունները կարող են ընթանալ ԱՄՆ-ում արդեն առաջիկա օրերին կամ շաբաթներին:
Լուսանկարը՝ Jonathan Ernst/File Photo/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել