Կեղտաջրի տարած 10.4 մլն եվրոն
Մոտ տասը տարի առաջ Երևանում 10.4 միլիոն եվրո վարկային միջոցներով Աերացիա կեղտաջրերի մաքրման նոր կայանը կառուցվեց, որը այդպես էլ չշահագործվեց։ Այն նախատեսված էր օրական 400 հազար խորանարդ մետր կեղտաջրի մեխանիկական մաքրման համար, որը բավարարում էր Երևան քաղաքից բաց թողնվող կեղտաջրերի օրական ծավալին։ Փորձել ենք պարզել, թե ինչու՞ չի գործում վարկային միջոցներով կառուցված նոր կայանը և, թե ո՞րն է կառավարության ձախողման պատճառը։
Ե՞րբ և ինչպե՞ս կառուղվեց կեղտաջրերի մաքրման նոր կայանը
«Հետքը» Աերացիա մաքրման նոր կայանի պատմությունը սկսել է ուսումնասիրել դեռ 2022 թվականին և պարզել է, որ թեև 2016-ի դեկտեմբերին շինարարական աշխատանքներն ավարտված էին, այն չէր հանձնվել շահագործման, քանի որ չուներ ավարտական ակտ։
Նոր կայանի կառուցումը մեկնարկել էր 2015-ին՝ Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով։ 10,4 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը կնքվել էր ֆրանսիական «ՍԱԴԵ» ընկերության հետ։ Նոր կայանը կառուցվեց Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման հին կայանի տարածքում։
Շինարարությունն ավարտվեց 2016-ի դեկտեմբերին։ Կայանն այդպես էլ չհանձնվեց շահագործման։ Պատճառը շինարարության վերջին փուլում հայտնաբերված փոքր թերություններն էին, որոնք չշտկվեցին, և կառույցը չունեցավ ավարտական ակտ, պետական գրանցում, հետևաբար նաև չշահագործվեց։
Ո՞վ կառուցեց կայանը, ու՞մ փոխանցվեց և ինչ ունենք այսօր
Կայանի կառուցման պայմանագրի պատվիրատուն ի սկզբանե «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն էր։ 2017-ի վերջին այն լուծարվեց, իսկ ծրագրի իրավահաջորդ դարձավ «Ջրային տնտեսության ԾԻԳ-ը»։ 2019-ի վերջին լուծարվեց նաև այս հիմնարկը, և պայմանագրերը փոխանցվեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ Հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ փոխանցված պայմանագրերում «Աերացիա» կայանին առնչվող որևէ պայմանագիր չի եղել։
2017-ին վարձակալության պայմանագիր է կնքվել «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Արդյունքում, 64 հեկտար տարածքը, որտեղ գտնվում է և՛ հին, և՛ նոր չգործող կայանը, վարձակալությամբ տրված է «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն նոր կայանը վարձակալությամբ հանձնվող գույքերի ցանկում չի եղել։
«Ջինջ» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի խոսքով՝ նոր կայանի շինարարությունն իրականացվել էր լավ որակով, սակայն նոր օպերատորի հետ կնքված պայմանագրում կայանի սպասարկումը ներառված չէր․ «17 թվականի հունվարի 1-ից պիտի աշխատեր նոր օպերատորը։ Պայմանագրի մեջ նոր օպերատորի համար չկար կայանի մասին նշված պարտադիր պայման։ «Վեոլիա ջուրը» նոր պայմաններով, նոր պայմանագրով սկսեց աշխատանքը, և իր վրա չկար այդպիսի պարտավորություն։ Եթե կառավարությունը 17 թվականի հունվարի 1-ին ասեր՝ պայմանագիրը վերանայում ենք և այդ պայմանն ավելացնում ենք որպես պարտադիր, ինքը կլիներ պատասխանող»։
Մենք հարցումներ ենք ուղարկել ՏԿԵՆ, Ջրային Կոմիտե և «Վեոլիա ջուր» ՝պարզելու՝ արդյոք ձեռնարկվել է որևէ միջոց տասը տարի առաջ կառուցված կայանը գործարկելու ուղղությամբ։ Վեոլիա ջուրը նշել է, որ կայանն իրենց հանձնված չէ վարձակալությամբ, խնդրել է՝ հարցերն ուղղել ջրային կոմիտե։ Ջրային կոմիտեն նշել է, որ պայմանագրի կողմ չի։ Կոմիտեն «Աերացիա» կայանի պայմանագիրն ավարտին հասցնելու համար կառավարության որոշման նախագիծ է մշակել, որը չի ընդունվել։ Տարածքային զարգացման ծրագրերի հիմնադրամն էլ նշել է, որ պայմանագրերի մեջ Աերացիայի մասին ոչինչ չի եղել։ ՏԿԵՆ-ն էլ հայտնել է, որ բանակցություններ է վարում։ Պատասխանի վերջում նշված էր նաև, որ կայանի շահագործումը հնարավոր կլինի միայն պայմանագիրը վերանայելու և դրա կողմերը հստակեցնելուց հետո, որի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Իսկ մինչ այդ մենք՝ հարկատուներս, մարում ենք կայանի կառուցման համար վերցված 10.4 մլն եվրո վարկը։
Դեռ 2020թ․-ի մայիսին ծախսված միջոցների ոչ նպատակային օգտագործման և դրա պատճառով հասցված ծանր հետևանքների՝ մասնավորապես Հրազդան գետի աղտոտման հիմքով հարուցվել էր քրեական գործ։ Մեր հարցմանն ի պատասխան դատախազությունից նշեցին, որ հետքի 2022 թվականի հոդվածը դարձել է քննության առարկա։ Նախաքննությունը շարունակվում է, սակայն քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա։
Հիմա Երևանի կեղտաջրերի մի մասն է միայն մաքրվում հին կայանի ճաղավանդակների միջոցով։ Այն Աերացիա կոչվող հին կայանից մնացած միակ աշխատող մասն է։ Ճաղավանդակները որսում են խոշոր աղբը։ Ավելի մանր և լուծված մասնիկները մնում են ջրում և հոսում Հրազդան գետ։
Այս խնդիրը լուծելու նպատակով էր հենց կառուցվել մեխանիկական մաքրման նոր կայան: Եթե այն գործարկվեր, լիովին կբավարարեր Երևանից բաց թողնվող կեղտաջրերի օրական ծավալի մաքրմանը: Երկրորդ փուլում նախատեսվում էր գործարկել նաև մաքրման ավելի բարձր մակարդակ ապահովող կենսաբանական կայանը: Բացի այդ, նոր կայանի գործարկումը կպահպաներ միջազգային դոնորների վստահությունը։ Ըստ Էդուարդ Մեսրոպյանի «Աերացիա» կայանի ձախողումը բացասական նախադեպ դարձավ միջազգային դոնորների համար՝ կասեցնելով նաև Սևանի և Արմավիրի մաքրման կայանների կառուցումը. «Սա շատ վատ, բացասական դաս է մեզ համար, որով ամբողջ աշխարհով խայտառակ եղանք: Դրանից ելնելով՝ միջազգային դոնորներն ու բանկերն այժմ զգուշանում են նոր կայաններ ֆինանսավորելուց: Նրանց տրամաբանությունն պարզ է. եթե չեք կարողանում շահագործել արդեն կառուցված մեկ կայանը, որտե՞ղ է երաշխիքը, որ կկարողանաք շահագործել հաջորդը։ Սա նախադեպ դարձավ նաև մյուս ծրագրերի կասեցման համար. նախատեսված էր կառուցել ևս երկու մաքրման կայան՝ Սևան և Արմավիր քաղաքներում: Նախագծերն արվեցին, բայց շինարարությունը չիրականացվեց, որովհետև դոնորն ուղղակի հրաժարվեց ֆինանսավորել՝ չցանկանալով նմանատիպ ձախողման մաս կազմել»:
Հայաստանն ու բնապահպանությունը
Այսօր, «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի մուտքի մոտ դեռ պահպանվել է խորհրդային տարիների կարգախոսը՝ «Մաքուր լինի ջուրը Հրազդանի»:
Վերջին տարիներին անցկացված մոնիթորինգի տվյալներով՝ Հրազդան գետի ջրի որակը վերջին տարիներին դասակարգվում է ամենավատ՝ 5-րդ դասի։
2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը պատրաստվում է ընդունել բնապահպանական ոլորտի ամենախոշոր միջազգային իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաշխարհային համաժողովը (COP-17)։ Երկիր են ժամանելու հազարավոր պատվիրակներ, բնապահպաններ և պետությունների ղեկավարներ աշխարհի ավելի քան 190 երկրներից։
Միջոցառման հիմնական մասն անցկացվելու է Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որը գտնվում է Հրազդան գետից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։ Այն նույն գետի, որի մեջ ամեն օր լցվում են մայրաքաղաքի կեղտաջրերը։
Այն մեծ հնարավորություն է ներգրավելու բնապահպանական ներդրումներ ու դրամաշնորհներ: Եթե պետությունը, հասրակական կազմակերպությունները չկարողանան այս հնարավորությունն օգտագործել գործնական փոփոխությունների համար, ապա այս մասշտաբային միջոցառման օրերին կմեծանան միայն Հրազդան թափվող կեղտաջրերի մասշտաբները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել