HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

1958. խորհրդային կործանիչների բախումը ամերիկյան օդանավերի հետ՝ Հայաստանի երկնքում

2022 թ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից մեկը լույս է սփռում հեռավոր 1958-ին տեղի ունեցած մի ավիապատահարի վրա, որի մասին մինչ այդ շատ քիչ բան էր հայտնի. դրա առանցքում ամերիկացի ու խորհրդային զինվորականները եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին, իսկ պատահարի թատերաբեմը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն էին: 

«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հայկական ավիացիային առնչվող պատահարները, որոնց ժամանակ ոչ միայն օդանավեր են շարքից դուրս եկել, այլեւ շատ դեպքերում մարդիկ են զոհվել:

Հիշեցնենք, որ ավիացիայում պատահար է համարվում այն իրադարձությունը, որի ժամանակ որեւէ անձ ստանում է մահացու կամ լուրջ մարմնական վնասվածք, կամ երբ ավերվում է օդանավի կառուցվածքը, ինչը սովորաբար պահանջում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում: Պատահար են համարվում նաեւ այն դեպքերը, երբ օդանավն անհետ կորչում է կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալն անհնար է: Մարդկային զոհի հանգեցրած պատահարը դասակարգվում է որպես աղետ, իսկ առանց զոհի պատահարը՝ վթար:

1958-ին Հայաստանի տարածքում միանգամից 2 արտակարգ դեպք տեղի ունեցավ, որոնց առանցքում ԽՍՀՄ եւ ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն էին: Խորհրդային տարիներին նման պատահարները, որպես կանոն, գաղտնի էին պահվում լայն հանրությունից, եւ շատերի մասին մանրամասները առնվազն հետխորհրդային հասարակության համար ի հայտ են եկել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Հայաստան մտած ամերիկյան ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց Լեռնային Ղարաբաղում

Առաջին պատահարը տեղի է ունեցել 1958-ի հունիսի 27-ին, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) C-118A Liftmaster տրանսպորտային ինքնաթիռը (գրանցման համարը՝ 51-3822) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայից թռիչք էր կատարում դեպի Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայան (Իրանը այն ժամանակ աշխարհիկ պետություն էր շահի գլխավորությամբ եւ լավ հարաբերություններ ուներ Արեւմուտքի հետ):

Դեպքի մանրամասները ներկայացված են ԱՄՆ արխիվների եւ փաստաթղթերի ազգային վարչության (NARA) հրապարակած փաստաթղթում, որը կազմվել է պատահարից մոտ 4 ամիս անց՝ 1958-ի նոյեմբերի 1-ին, եւ գաղտնազերծվել է միայն 2022-ին: Փաստաթուղթը, ենթադրաբար, կազմվել է ԿՀՎ-ի կողմից (ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչություն, CIA):

Հատված 2022 թ. գաղտնազերծված փաստաթղթից

Այսպիսով՝ ինքնաթիռը գերմանական Վիսբադեն քաղաքից, որտեղ բազավորվում էր, ԿՀՎ-ի համար բեռ էր տեղափոխում դեպի Թեհրան ու Պակիստան: Օդանավի անձնակազմը բաղկացած էր 9 ամերիկացուց, որոնցից 3-ը ԿՀՎ գործակալներ էին, մյուս 6-ը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինվորականներ, որոնք ծառայում էին Վիսբադենում (Արեւմտյան Գերմանիա):

Դեպքի ժամանակ ինքնաթիռը Նիկոսիա-Թեհրան երթուղու վրա էր: Օդանավում գտնվողներից մի քանիսը պետք է իջնեին Թեհրանում, իսկ C-118-ը շարունակեր թռիչքը դեպի Պակիստան: Ըստ գաղտնազերծված ամերիկյան փաստաթղթի՝ դեպի Իրան ճանապարհին օդանավը վատ եղանակի ու նավիգացիոն սխալի պատճառով շեղվել է երթուղուց եւ Թուրքիայից մտել Հայաստանի տարածք: Այսինքն, ըստ ամերիկյան փաստաթղթի, ԽՍՀՄ սահմանը միտումնավոր չի խախտվել:

1943-1960 թթ. Երեւանի «Հարավային» (հետագայում՝ «Էրեբունի») օդանավակայանում բազավորվում էր ԽՍՀՄ անդրկովկասյան ռազմական օկրուգի 25-րդ կործանիչ ավիագունդը, որի կազմում ներառված էին «ՄիԳ-17» տիպի կործանիչներ (կործանիչն օդային մարտ վարելու համար նախատեսված ռազմական ինքնաթիռ է): Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտական փորձ կուտակած այս գունդը, 1943-ին տեղափոխվելով Երեւան, իրականացնում էր մայրաքաղաքի հակաօդային պաշտպանությունը եւ հսկում էր Թուրքիայի հետ սահմանը:

Ահա եւ 1958-ի հունիսի 27-ին ամերիկյան C-118 սահմանախախտ ինքնաթիռի դեմ օդ էին բարձրացվել 3 հատ «ՄիԳ-17» խորհրդային կործանիչներ (ըստ այլ աղբյուրների՝ կործանիչները երկուսն են եղել), որոնք կրակ էին բացել տրանսպորտային օդանավի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինիս ձախ թեւի վրա կրակ էր բռնկվել: Հարձակումից հետո անձնակազմի 9 անդամներից 5-ը պարաշյուտներով թռել էին օդանավից, իսկ մյուս 4-ը կարողացել էին վթարային վայրէջք կատարել Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Մարտակերտի շրջանում՝ Լեւոնարխ գյուղի մոտ, որտեղ, ըստ ամերիկյան փաստաթղթի, փոքր թռիչքուղի կար:

ԿԸՀ գործակալներից մեկին տեղացիները ցանկանում էին կախաղան բարձրացնել

Ինքնաթիռը, որն արտադրվել էր դեպքից ընդամենը 6 տարի առաջ՝ 1952-ին, այրվել ու ամբողջությամբ շարքից դուրս էր եկել: Բայց անձնակազմի 4 անդամները բարեհաջող կարողացել էին դուրս գալ դրանից:

5 հոգին, որոնք մինչ այդ պարաշյուտով դուրս էին թռել խոցված օդանավից, գետնի վրա շրջապատվել էին տեղի բնակիչների կողմից, եւ նրանցից ոմանք ծեծի էին ենթարկել եկվորներին: Ավելին՝ հավաքված ամբոխը 5 ամերիկացիներից մեկին, որը ԿՀՎ գործակալ էր, տարել էր հեռագրասյան մոտ՝ կախելու, սակայն դեպքի վայր ժամանած խորհրդային զինվորականները կանխել էին ինքնադատաստանը:

Հարցաքննություններ Բաքվում

Բոլոր ամերիկացիներին հանձնել էին խորհրդային զինվորականներին: Բռնվածները, ըստ ամերիկյան գաղտնազերծված փաստաթղթի, գիշերն անցկացրել էին Ստեփանակերտի մոտ գտնվող կայազորում, իսկ հետո տեղափոխվել էին ենթադրաբար Եվլախ, այնտեղից էլ՝ Բաքու: Այստեղ ամերիկացիները հարցաքննվել էին խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնցից առնվազն մեկը՝ Վլադիմիր Բուրդինը, նախկինում ծառայել էր ԱՄՆ-ում, իսկ հետո Կանադայում՝ ԽՍՀՄ դեսպանատանը: Բուրդինը մի քանի օր հարցաքննել էր ԿՀՎ գործակալներից մեկին, իսկ այդ ընթացքում մյուս ամերիկացիները պահվում էին Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ-ում:   

Անհատական ​​հարցաքննություններից հետո ամերիկացիներն առանձին-առանձին հարցաքննվել են նաեւ ՆԳՆ-ում՝ խորհրդային պաշտոնյաներից կազմված հանձնաժողովի կողմից: Վերջինս հարցաքննել է ԽՍՀՄ սահմանը խախտելու վերաբերյալ եւ ստորագրելու համար հայտարարություններ տվել ամերիկացիներին այն մասին, որ իրենց լավ են վերաբերվել,  բժշկական օգնություն են ցուցաբերել: Ամերիկյան գաղտնազերծված փաստաթղթի համաձայն՝ այս հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննությունը ֆորմալ բնույթ է կրել եւ հետախուզական իմաստով հարցաքննություն չի եղել: 1958-ի հուլիսի 7-ին C-118-ի անձնակազմը տեղափոխվել է ԽՍՀՄ-Իրան սահմանի մոտ՝ Աստարա, եւ հանձնվել ամերիկյան ավիացիոն կցորդին:  

Ինչ է պարզվել ԱՄՆ-ում

Ազատ արձակվածներն անմիջապես ուղարկվել են գերմանական Վիսբադեն, որտեղ ԿՀՎ-ի եւ ՌՕՈւ-ի աշխատակիցները համատեղ նախնական հարցաքննել են նրանց։ Այնուհետ նրանք ասուլիս են տվել, սակայն մինչ այդ մանրամասն հրահանգավորվել էին տեքստի ու սահմանափակումների մասին։

Դրանից հետո ամբողջ անձնակազմը տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ մանրակրկիտ քննություն է անցկացվել տեղի ունեցածի վերաբերյալ։ Պարզվել է, որ ԿՀՎ աշխատակիցներն ունեցել են պորտֆելներ, որոնցում եղել են գաղտնի փաստաթղթեր եւ հասցեագրքեր՝ ԿՀՎ աշխատակիցների ու ստորաբաժանումների անուններով, հասցեներով, հեռախոսահամարներով։ Ենթադրաբար երկու պորտֆելներն այրվել են ինքնաթիռում բռնկված հրդեհի հետեւանքով, բայց ԿՀՎ աշխատակիցներից մեկի հասցեագիրքը նրանց բռնած գյուղացիները վերցրել էին, իսկ ավելի ուշ այն վերադարձրել են Բաքվում անձնակազմին հարցաքննած խորհրդային հանձնաժողովի անդամները։ Չնայած խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցներն ամերիկացիներին չեն հարցաքննել պորտֆելների ու դրանց պարունակության մասին, ԿՀՎ-ում ենթադրել են, որ ԽՍՀՄ-ն իր մոսկովյան արխիվներում ունի կամ կունենա այդ հասցեագրքում նշված տվյալները։ Պարզվել է նաեւ, որ անձնակազմի անդամներից մի քանիսն իրենց դրամապանակներում ունեցել են անձնական նշումներ ԿՀՎ մի քանի այլ աշխատակիցների վերաբերյալ:

Տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ խորհրդային պատկան մարմինները ամերիկյան անձնակազմին թմրանյութ են ներարկել կամ այլ կերպ ներազդել են հարցաքննելիս։ Արձանագրվել է, որ ամերիկացիներից մի քանիսը ձերբակալվելուց հետո սրսկվել են վերքերի ու այրվածքների բուժման համար։

ԱՄՆ-ում անձնակազմը մանրամասն հարցաքննվել է իր հանդեպ վերաբերմունքի եւ խորհրդային հատուկ ծառայությունների կողմից հարցաքննության եւ դրա մեթոդների մասին։ Եզրակացությունը եղել է այն, որ խորհրդային կողմը մակերեսային է հարցաքննել ամերիկացիներին, եւ, ըստ ամենայնի, հետախուզական նպատակներով սերտ համակարգում ու կապ Մոսկվայի հետ չի եղել։ Ըստ գաղտազերծված փաստաթղթի՝ այն, որ ԽՍՀՄ արտգործնախարարությունը արագ հաստատել է C-118-ի՝ իր տարածքում վայրէջք կատարելու տեղեկությունը, հավանաբար խորհրդային ՆԳՆ-ին հնարավորություն չի տվել «ամբողջությամբ օգտագործել» անձնակազմի անդամներին։ Այդուհանդերձ, ամերիկացիներից երկուսն առանձնացվել են խմբից եւ ստացել են արտոնյալ վերաբերմունք՝ ըստ էության, «ինֆորմացիոն նպատակով մշակվելու» համար: Սակայն ԱՄՆ-ում եկել են այն եզրահանգման, որ նշված երկուսն իրենց շատ լավ են պահել եւ չեն բացահայտել որեւէ ինֆորմացիա ԿՀՎ-ի կամ դրա գործունեության մասին:

Ամերիկյան կողմը տվյալներ ձեռք չի բերել այն մասին, որ խորհրդային իշխանություններն անձնակազմին հարցաքննելիս իմացել են C-118-ի թռիչքի եւ ԿՀՎ-ի կապի մասին, կամ որ անձնակազմից 3-ը ԿՀՎ գործակալներ էին: Այնուամենայնիվ, ամերիկացիները վստահ են եղել, որ խորհրդային հատուկ ծառայությունները կզանգեն ԿՀՎ աշխատակցից առգրավված հասեցագրքի հեռախոսահամարներին, քանի որ վերջինիս հարցաքննել են Վիսբադենի ռազմական ստորաբաժանումների մասին եւ ենթադրաբար կապ են տեսել դրանց ու ԿՀՎ տվյալների միջեւ:

Այսպիսով՝ ամերիկացիները եկել են եզրակացության, որ C-118-ի անձնակազմը վաղաժամ ազատ է արձակվել, քանի որ խորհրդային քննիչները չեն օգտագործել իրենց ձեռք տակ հայտնված միջոցները, մասնավորապես՝ ԿՀՎ գործակալի հասցեագիրքը, դրանում առկա տվյալները մինչեւ նրանց ազատելը չեն ստուգել իրենց ունեցած տեղեկություններով եւ հարցաքննության միջոցով չեն կարողացել «կոտրել» անձնակազմին: Բացի դրանից՝ այրված օդանավում չի հայտնաբերվել որեւէ կոմպրոմատ, իսկ պարաշյուտով ինքնաթիռից թռածները օդում կամ գետնի վրա ոչնչացրել են իրենց մատնող անցաթղթերն ու գրառումները: Արձանագրվել է նաեւ, որ ԿՀՎ-ի, ՌՕՈւ-ի եւ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից բավարար ճնշում է գործադրվել ԽՍՀՄ-ի վրա՝ ամերիկյան անձնակազմին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար։ Այս հարցում կարեւոր է եղել նաեւ այն հանգամանքը, որ ԽՍՀՄ ԱԳՆ-ն շտապել է տեղի ունեցածը ներկայացնել որպես խորհրդային օդային սահմանի միտումնավոր խախտում՝ դրանով իսկ հաստատելով, որ ամերիկյան անձնակազմը ԽՍՀՄ պատկան մարմինների վերահսկողության ներքո է:

Բացի դրանից՝ կարեւորվել է այս արտակարգ դեպքի վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսքի բացակությունը մամուլում: Իսկ ռեկոմենդացիաների մեջ նշվել է, որ հետագայում եւս պետք է արգելվի տեղի ունեցածի շուրջ հրապարակայնությունը, որպեսզի նվազագույնի հասցվի C-118-ի եւ ԿՀՎ-ի կապի մասին մամուլի տեղեկանալու հնարավորությունը: Փաստորեն, պատահարի մանրամասները գաղտնազերծվեցին դրանից 64 տարի անց միայն:    

Բայց եթե հունիսի 27-ի պատահարը բարեհաջող ավարտ ունեցավ ամերիկացիների համար, ապա դրանից ընդամենը 2 ամիս անց՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի տարածքում տեղի ունեցավ մեկ այլ արտակարգ դեպք, որի մասին խորհրդային իշխանությունները կրկին չբարձրաձայնեցին, սակայն անկախությունից հետո ի հայտ եկան մանրամասներ, որոնք տարիների հեռվից լույս են սփռում մեր երկրի տարածքում երկու գերտերությունների՝ ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի այդ աննախադեպ օդային բախման դրվագի վրա: Ի տարբերություն հունիսյան պատահարի՝ այս անգամ ամերիկյան կողմը զոհեր տվեց: Այդ մասին՝ հաջորդ հոդվածում:

Առաջին լուսանկարում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-118A Liftmaster տրանսպորտային ինքնաթիռ, 1960-ական թթ., աղբյուրը՝ commons.wikimedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter