Հետք Մեդիա Գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին
Հետք Մեդիա Գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ սկսնակ լրագրողների կայացմանն աջակցելու և նրանց մասնագիտական ներուժի բացահայտմանը նպաստելու համար արժանացել է մրցանակի։
«Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հիմնադրման 31-ամյակի օրը՝ 2026 թվականի հուլիսի 18-ին, «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում սահմանված Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄԱ նախագահ Արթուր Պապյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Էթիկական լրագրության մրցանակի» նպատակն է խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների և լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետևողական պահպանումը։
Էթիկական լրագրության 2026 թվականի մրցանակակիրներն են՝
- Սուրեն Դեհերյան, «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր խմբագիր։ Մրցանակը շնորհվել է արհեստավարժ չափանիշների ապահովման համար։
- Հարություն Մանսուրյան, «Հետք մեդիա գործարան» ծրագրի ղեկավար։ Մրցանակը շնորհվել է սկսնակ լրագրողների կայացմանն աջակցելու և նրանց մասնագիտական ներուժի բացահայտմանը նպաստելու համար։
- Գայանե Խաչատրյան, Factor TV-ի լրագրող։ Մրցանակը շնորհվել է երկրի հասարակական-քաղաքական կյանքի համապարփակ և որակյալ լուսաբանման համար։
- Հայկ Նավասարդյան, «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան։ Մրցանակը շնորհվել է 2026 թվականի ԱԺ ընտրությունները հավասարակշռված լուսաբանելու համար։
Մրցանակները հանձնեցին Նունե Սարգսյանը, ԵՄԱ փոխնախագահ Սեդա Շիգանյանը, Ֆրանկ Հեսսը և ԵՄԱ գործադիր տնօրեն Արմենուհի Սուքիասյանը։
Շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՄԱ անդամներն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները»,- նշվում է Երևանի մամուլի ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել