Փաշինյանի հետ վիճած Արփինե Սողոյանին ծանուցել են՝ սեպտեմբերից աշխատանքային պայմանագիրը լուծվելու է
2026թ. մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճաբանության մեջ էր մտել քաղաքացի Արփինե Սողոյանի հետ, ով նրան մեղադրել էր հայրենիքը գողանալու մեջ։ Միջադեպի ժամանակ վարչապետը վրդովվել էր. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դուք եք փախած լակոտները, հանեք ձեր դիմակները, այ ստահակներ, այ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ...»,- ասել էր Փաշինյանը։
Արփինե Սողոյանն անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է և «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան Տաթևիկ Սողոյանի մայրը։ Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, որպես կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ աշխատում է «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնում։ 21 տարվա աշխատանքից հետո այսօր նրան ծանուցել են՝ սեպտեմբերի 14-ից աշխատանքային պայմանագիրը լուծվելու է։
Արփինե Սողոյանն իմացել էր, որ վարչապետը գալու է իրենց թաղամաս և նպատակադրված գնացել նրա հետ հանդիպման, քանի որ, իր խոսքով, ցանկանում էր նայել նրա աչքերին ու ասել՝ ինչ մտածում է։
«Ցանկացած հայրենասեր հարցադրում առաջին անգամը չէ, որ վարչապետին գցում է հիստերիկ նոպաների մեջ։ Սա ևս արտառոց դեպք չէր»,- այսպես էր բնութագրել վարչապետի պահվածքը Արփինե Սողոյանը։
Միջադեպից հետո տեղեկություններ կային, որ Արփինե Սողոյանին պատրաստվում են աշխատանքից հեռացնել, սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել էր՝ բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։
«Մանավանդ, որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ»,- ասել էր Տիգրան Ավինյանը:
Արփինե Սողոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ միջադեպից հետո պոլիկլինկայի տնօրենին կանչել են քաղաքապետարան, բայց աշխատանքից ազատվելու խնդիր չի եղել։ Միայն աշխատանքից բացակայելու համար կարգապահական տույժի են ենթարկել իրեն։
Արփինե Սողոյանը սեպտեմբերի 14-ից կդադարի աշխատել։ Նրան աշխատանքից ազատելու հիմքում դրվել է Երևանի քաղաքապետի 2026թ. հունիսի 24-ի N 3130-Ա որոշումը, որով հաստատվել է հաստիքացուցակը։ Մասնավորապես՝ աշխատանքի ծավալների, տնտեսական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչի և մանկաբարձ գինեկոլոգների հաստիքների քանակը կրճատվել է։ Ըստ Արփինե Սողոյանի դստեր՝ Տաթևիկ Սողոյանի՝ հաստիքացուցակը փաստացի փոփոխվել է։
Տաթևիկ Սողոյանը վստահ է՝ աշխատանքից ազատումը պայմանավորված է վարչապետի հետ միջադեպով. «Դա ոչ միայն իմ կարծիքն ու համոզմունքն է, այլ նաև այլ աղբյուրներից ստացված հստակ տեղեկատվությունը, որ ստացել էի մինչ ծանուցման ի հայտ գալը։ Կարծում եմ՝ դա ակնհայտ է անկողմնակալ ցանկացած դիտորդի համար»։
Տաթևիկ Սողոյանը նշում է՝ սոցցանցերում իր մայրիկի նկատմամբ ատելության խոսքը գեներացվել է միջադեպի առաջին իսկ րոպեներից և շարունակվում է մինչ օրս՝ կլինի դա իրեն լուսաբանող նյութերում, թե իր հրապարակումների մեկնաբանություններում։
«Ի հակառակ դրան՝ իրական կյանքում իրական մարդկանցից լսել ենք միայն հիացմունքի և երախտագիտության խոսքեր։ Չեմ բացառում, որ միևնույն կենտրոնից կառավարվող ֆեյքերի ֆաբրիկաներում, որոնք շրջանառության մեջ են դնում ինձ կամ մայրիկիս ուղղված ատելության խոսքն ու սպառնալիքները, այդ սպառնալիքները կարող են նույն կենտրոնի հրահանգով նաև այլ դրսևորումներ ունենալ»,- ասում է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել