HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. իրատեսական ժամկետներ և ընթացակարգեր

Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։

«[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»,- ասաց ԵՀ նախագահը։

Վերջերս էլ ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը իր ինստագրամյան էջում ցույց էր տվել, թե ինչպես է Հայաստանից բերած ծիրաններով ջեմ պատրաստել՝ ԵՄ վերջին որոշումը կապելով Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հետ։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Marta Kos (@martakos_eu)

«Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է՝ մի փոքր բան անելու, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել էր Կոսը։ 

Այս զարգացումների ֆոնին հայաստանյան արտադրողներին հուզող ամենակարևոր հարցն է՝ ե՞րբ ԵՄ-ի նոր որոշումները վերջնականապես ուժի մեջ կմտնեն։ 

Նախաձեռնությունից՝ օրենք. եվրոպական բյուրոկրատիայի դանդաղկոտությունը

Իրատեսական ժամկետների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ԵՄ-ում սովորաբար ընդունվում նման օրենքներն ու որոշումները։

Եվրոպական Միության պաշտոնական փաստաթղթերի EUR-Lex հարթակում տեսնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 2-ին։ Այս առաջարկը պետք է անցնի ԵՄ սովորական օրենսդրական ընթացակարգով (Ordinary Legislative Procedure - OLP)։

Որպեսզի այս նախաձեռնությունը դառնա պաշտոնական օրենք, պետք է քննարկվի, անցնի բանավեճերի փուլ և հաստատվի երկու առանձին մարմինների կողմից՝ Եվրոպական խորհրդարանի (European Parliament), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և Եվրոպական խորհրդի (European Council), որը պատասխանատու է ԵՄ որոշումների կատարման և օրենսդրական առաջարկների համար։

Օրենսդրական առաջարկը արդեն փոխանցվել է Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովին (INTA), որը երեկ՝ հուլիսի 14-ին առաջին անգամ քննարկեց այն։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

Սովորաբար, այս հանձնաժողովը ամիսներ շարունակ քննարկում է առաջարկված նախաձեռնության տեքստը, դրա անդամները առաջարկում են լրամշակումներ, ինչից հետո օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվում է Եվրախորհրդարան՝ լիագումար նիստում վերջնական քվեարկության։

ԵՄ ստանդարտ օրենքի ընդունումը կարող է տևել մեկ տարի և ավելի։

Fast track՝ հայ արտահանողների համար

ԵՄ պաշտոնական տեղեկատվական բազայում օրենսդրական նախագծի առկա փաստաթղթերում հղում է արված Եվրախորհրդարանի Կանոնակարգի 58-րդ կանոնին (Rules of Procedure EP 58)։

Սա նշանակում է, որ նախաձեռնությունն ընդունվելու է պարզեցված ընթացակարգով։ Երեկվա նիստի ընթացքում Միջազգային առևտրի հանձնաժողովի ղեկավար, Գերմանիայից պատգամավոր Բերնդտ Լանգեն հաստատեց սա։

Եթե մինչև հուլիսի 30-ը որևէ քաղաքական խմբակցություն չի առարկում կամ լրամշակումներ չի առաջարկում, ապա նախագիծը միանգամից ուղարկվում է լիագումար նիստ՝ վերջնական քվեարկման։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ լեհ պատգամավոր Բոգդան Զդրոյեվսկին նույնպես ելույթ ունեցավ և հորդորեց ընդունել առաջարկը առանց փոփոխությունների ու հավելումների, Հայաստանի արտահանողներին արագ օգնելու համար։

Ըստ երևույթին, հայ արտահանողները ստիպված չեն լինի երկար սպասել։ 

Իրատեսական ժամկետներ

Բրյուսելում հիմա նախաարձակուրդային մթնոլորտ է։ Այս շաբաթը Եվրոպական խորհրդարանի վերջին աշխատանքային շաբաթն է, տարբեր եվրոպական մարմինների աշխատակիցներ արդեն արձակուրդ են մեկնել։

Եվրոպական խորհրդարանի հաջորդ նիստը կգումարվի այս տարվա սեպտեմբերի 14-ից 17-ը։ Իսկ մեզ հուզող հարցի վերջնական քվեարկության ամսաթվերը կհաստատվեն միայն այն ժամանակ, երբ պատգամավորները վերադառնան աշխատանքի։

Եթե արագացված ընթացակարգով հարցի քննարկումը հարթ անցնի՝ առանց քաղաքական խոչընդոտների, Հայաստանի հանդեպ ինքնավար առևտրային միջոցների կիրառումը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը 2026-ի աշնանը։

Նախկինում նմանատիպ որոշումները, օրինակ՝ Ուկրաինայի համար, արագացված ընթացակարգով ընդունվել և օրենքի ուժ են ստացել 3-6 ամսում։

Ի դեպ, նախաձեռնության փաստաթղթում տեսնում ենք, որ առաջարկվող այս միջոցները ժամանակավոր են և կիրառվելու են երկու տարի։ Իսկ բյուջետային հետևանքներ բաժնում տեսնում ենք, որ Եվրոպական խորհուրդը հաշվարկել է, որ մաքսատուրքերի չեղարկման արդյունքում ԵՄ-ի հարկային կորուստները երկու տարվա ընթացքում կկազմեն ընդամենը 5 միլիոն եվրո։

Նախաձեռնության երկու հավելվածներում մանրամասն ներկայացված է մաքսատուրքերից ազատվելիք ապրանքների ցանկը։

ԵՄ որակի հսկողություն

Մաքսատուրքերի չեղարկումը դեռևս չի նշանակում որակի ստանդարտների չեղարկում:

Ինչպես հայտնի է, ԵՄ-ն ներմուծվող սննդի հանդեպ սահմանել է խիստ որակային հսկողություն։
Հայկական գյուղմթերքը չի կարողանալու մտնել ԵՄ շուկա, եթե չհամապատասխանի ԵՄ բուսասանիտարական խիստ կանոններին (լաբորատոր ստուգումներ, սերտիֆիկատներ և այլն)։

ԵՄ գյուղմթերք կկարողանան արտահանել միայն այն ընկերությունները, որոնք ունեն պատշաճ որակ ապահովելու և վերահսկելու կարողություններ։ Դրանցից ոմանք Եվրամիության տարբեր ծրագրերով արդիականացրել են իրենց արտադրանքն ու համապատասխանեցրել Եվրամիության պահանջներին։

Եվրամիությունը նախատեսել է նաև ընթացակարգային և այլ նրբությունների մասին դասընթացների անցկացում հայ արտահանողների համար։

Լուսանկարում՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը/Երեւան, 02.07.2026/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter