HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվի դատարանում հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված հոդվածներով

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է այնտեղ ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ինչպես հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, նիստը նախագահել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ Էմին Մեհթիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ։ 

Դատական նիստին մասնակցել են նաև գործով «տուժողների» ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրողները՝ գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի պետ Աբբաս Աբբասլին և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովն ու Սևինջ Գասիմովան։

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված հոդվածներից ոչ մեկով։

Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի պաշտպանը, որը դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ և չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը։ Ելույթ է ունեցել նաև Վասիլի Բեգլարյանը՝ նշելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանը, որը դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Բակո Սահակյանի մեկ այլ փաստաբան ևս խնդրել է դատարանին չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին և բավարարել ներկայացված վերաքննիչ բողոքը։ Բակո Սահակյանն իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում քրեական գործով առաջադրված հոդվածներից որևէ մեկով։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին։

Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ 

Այս գործով անցնում է ևս 8 հայ գերի։ Նրանցից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը և Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա ազատազրկման։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվել է առանձին վարույթով: Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter