ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանն անվանել են «երկարաժամկետ սպառնալիք» և Ուկրաինային խոստացել 140 մլրդ եվրո
Անկարայում կայացած գագաթնաժողովի ավարտին ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդունել են համատեղ հռչակագիր, որտեղ նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները «միասնական են Ուկրաինային իրենց անփոփոխ աջակցության, նրա ազատության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»։
Հռչակագրից պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են 70 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային «ռազմական տեխնիկայի, օգնության և ուսուցման» համար, ինչպես նաև «հաստատել 2027 թվականին աջակցության առնվազն նույն մակարդակի ապահովման պարտավորությունը»:
Հռչակագրում նաև նշվում է, որ եվրատլանտյան անվտանգության և կայունության երկարաժամկետ սպառնալիքը Ռուսաստանից է:
«Այժմ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներն ու Կանադան, երկկողմ ու բազմակողմ գործիքների շրջանակներում, ֆինանսավորում են անվտանգության ոլորտում Ուկրաինային տրամադրվող օգնության հիմնական մասը: ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ընդգծում են, որ այդ աջակցությունը պետք է բաշխվի արդար կերպով ու երկարաժամկետ հեռանկարում լինի կանխատեսելի և կայուն»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս տարի ընթանում էր հուլիսի 7-8-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Դեռ գագաթնաժողովից մի քանի օր առաջ Reuters-ը, dpa-ը, Politico-ն և մյուս լրատվամիջոցները հայտնել էին, որ գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ն կհայտարարի Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի աջակցության մասին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ օգնության ծրագրերում ներառվել է ԵՄ-ի կողմից ավելի վաղ ընդունված ռազմական աջակցության փաթեթը, որի շրջանակներում մինչև 2027 թվականի ավարտը Կիևը պաշտպանական ծախսերի համար կստանա մոտ 60 միլիարդ եվրո: ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են այդ գումարին ազգային բյուջեներից ավելացնել ևս 80 միլիարդ եվրո։
Լուսանկարը՝ Emrah Gurel/AP Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել