Թրամփի սպառնալիքներից հետո Դանիայի վարչապետը դարձյալ հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու մտադրության մասին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է պաշտպանել իր տարածքի, այդ թվում՝ Գրենլանդիայի, յուրաքանչյուր դյույմ»։ CNBC-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ արտահայտած նկրտումներին։
«Մեր դիրքորոշումը հստակ է, ինչպես այն եղել է այս ամբողջ ընթացքում։ Գրենլանդիան, բնականաբար, չի վաճառվում։ Հուսով ենք, որ բոլորը, ներառյալ մեր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մենք ինքնիշխան պետություն ենք, բոլորը պետք է հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Դանիայի վարչապետը։
Ընդգծելով Գրենլանդիայի տարածքը ռազմական ճանապարհով պաշտպանելու Դանիայի պատրաստակամությունը՝ Մետե Ֆրեդերիկսենը նշել է. «Պատճառներից մեկը, որ մենք տարիներ առաջ ստեղծեցինք ՆԱՏՕ-ն, այն է, որ եթե մեզանից մեկի հետ ինչ-որ բան պատահի, բոլորը կպաշտպանեն միմյանց»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը դարձյալ կրկնել էր Գրենլանդիայի վերաբերյալ նախկինում արտահայտած իր կարծիքը: «Գրենլանդիայի նկատմամբ պետք է վերահսկողություն ունենա ԱՄՆ-ն, այլ ոչ թե Դանիան»,- հայտարարել էր նա՝ հավելելով, որ «եթե նրանք չհամաձայնվեն այդ գործարքին, այն էլ այն միջոցներով, որոնք մենք ծախսում ենք Ռուսաստանի հարցում նրանց օգնելու համար, ապա մենք ոչ մի միջոց չենք ծախսի»:
«Գրենլանդիան չի օգնում Դանիային, Դանիան փող չի ծախսում Գրենլանդիային իրապես օգնելու համար, սակայն Միացյալ Նահանգների համար դա կարևոր տարածք է։ Այն շրջապատված է չինական և ռուսական նավերով, և դա չի շարունակվելու»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Լուսանկարը՝ Mads Claus Rasmussen/Ritzau Scanpix
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել