Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խնդիրներ է ստեղծել Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում
Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումը խորը ճգնաժամ է առաջացրել Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում։ Ynet-ը, հղում անելով երկու երկրների միջև հարաբերություններին տեղյակ պաշտոնյաներին, փոխանցում է, որ չնայած հրապարակային հայտարարությունների բացակայությանը, լարվածությունը բավականին խորն է։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Բաքուն այդ քայլը դիտարկում է որպես «Իսրայելի կողմից կարմիր գծերի հատում» և կարծում, որ «Երուսաղեմը չի պատասխանել այն աջակցությանը, որն Ադրբեջանը ցուցաբերել է Իսրայելին Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր»:
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է, թե ինչպես է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը և այն ազդանշանից, որն այդ որոշումը փոխանցում է: Ավելին, նրանք հավելել են, որ ադրբեջանական կողմի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը զրուցել է ադրբեջանցի պաշտոնակցի հետ միայն որոշումը հրապարակելուց հետ, ինչը «ավելի շուտ ընկալվել է որպես նրան իրազեկում, այլ ոչ՝ խորհրդակցում»։
«Նրանք զրուցել են միայն որոշման հրապարակումից հետո, իսկ ադրբեջանական տեսանկյունից դա արդեն կատարված փաստ է, այլ ոչ թե երկխոսություն»,- նշել է պաշտոնյաներից մեկը։
Ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նույն անձինք, ովքեր Իսրայելին մեղադրում են Գազայում ցեղասպանության համար, Ադրբեջանին մեղադրում էին նաև «էթնիկ զտումների» մեջ: Այդ իսկ պատճառով, ինչպես գրում է Ynet-ը, ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ Իսրայելը «հատուկ նրբանկատություն կցուցաբերի և զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք, իրենց կարծիքով, աջակցում են երկու երկրների միջև հարաբերությունների պատմության հայկական շարադրանքին»:
«Այնպիսի տպավորություն է, որ Իսրայելը չի հասկացել Ադրբեջանի զգայունությունը։ Բաքվի համար դա կարմիր գիծ է։ Չնայած միջազգային արշավին և նրա վրա գործադրվող ճնշումներին, Գազայի, Լիբանանի կամ Իրանի պարագայում Ադրբեջանը հանդես չեկավ Իսրայելի դեմ: Ադրբեջանցիները կարծում են, որ Իսրայելը նույն տրամաբանությամբ չի արձագանքում դրան»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ Բաքվում հարց են տալիս, թե ինչու է Իսրայելը փչացնում իր հարաբերությունները ամենամոտ գործընկերներից մեկի հետ։
«Սա մի երկիր է, որտեղ գրեթե չկա հակասեմականություն, որտեղ ծաղկում է իսրայելական զբոսաշրջությունը և որի ազգային ավիափոխադրողը թռիչքներ է սկսել Բաքվի և Թել Ավիվի միջև: Ադրբեջանի տեսանկյունից Իսրայելի որոշումն ավելորդ էր և խարխլեց տարիների ընթացքում ստեղծված վստահությունը»,- շարունակել է զրուցակիցներից մեկը։
Ynet-ի զրուցակիցները հայտարարել են, որ վերջին անգամ, երբ Կնեսետը դիտարկում էր Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկում անցկացնելու հնարավորությունը, այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը նախապես կապ էր հաստատել իր ադրբեջանցի գործընկերների հետ ու լսել նրանց առարկությունները: Դրանից հետո որոշվել էր չանել հրապարակային հայտարարություն։
Զրուցակիցները հավելել են, որ «և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարծում են, որ Իսրայելի կողմից այդ ճանաչումը միայն վնասում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին ու ծառայում Ռուսաստանի ու Իրանի շահերին»:
Բաքվում հույս ունեն, որ այս ճգնաժամն ավելի չի խորանա ու ակնկալում են, որ այն չի հայտնվի Կնեսետի օրակարգում, կամ գոնե չի ներկայացվի քվեարկության։
Լուսանկարում՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը/Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել