ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և ապահովել Հորմուզի նեղուցով նավերի ազատ տեղաշարժը։ Այդ մասին գրում են Axios-ը, The Hill-ը և Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
«Փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթների շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն: Այս փուլում երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան հետագա գործողություններից, իսկ նավերը կկարողանան ազատ անցնել նեղուցով»,- ասել է The Hill-ի զրուցակիցներից մեկը։
Axios-ի տվյալներով՝ հունիսի 30-ին կողմերը պլանավորում են հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում, որպեսզի քննարկեն Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերը։
Նախօրեին ԱՄՆ-ն և Իրանը դարձյալ փոխանակվել էին հարվածներով։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմը հարվածներ է հասցրել իրանական ռազմական թիրախներին այն բանից հետո, երբ իրանական զինուժը հարվածային անօդաչու թռչող սարք էր կիրառել և Հորմուզի նեղուցում խոցել Պանամայի դրոշի ներքո գտնվող տանկերներից մեկին։ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը։ Իրանն էլ, իր հերթին, հարվածներ էր հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր։ Այն ենթադրում էր 60 օրով ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում, պատերազմի ամբողջական դադարեցման շուրջ բանակցությունների սկիզբ, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացում։ Դրանից ի վեր Հորմուզի նեղուցում անօդաչուների հարվածների հետ կապված արդեն մի քանի միջադեպ է տեղի ունեցել։
Լուսանկարը՝ Ali Haider/EPA
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել