Թուրքիան և Ադրբեջանը դատապարտում են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումը՝ ճանաչելու 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարության որոշումը «քաղաքական դրդապատճառներ ունի» և նպատակ ունի «քողարկելու Գազայի հատվածում իրականացվող ցեղասպանությունը»։
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը Գազայում պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունների համար կանգնել է Միջազգային քրեական դատարանի քննության առջև ու «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում ընդունելով՝ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները»։
Անկարան նաև հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունների ընդունած որոշումը «անտեսում է պատմական փաստերը» և արտացոլում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության «աղետալի վիճակը»։ Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում Իսրայելի «էքսպանսիոնիստական և ապակայունացնող քաղաքականությունը» դադարեցնելու ու Նեթանյահուի կառավարությանը՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուրջ մտահոգությամբ է ընդունել Իսրայելի կառավարության այս որոշումը, որը վերաբերում է, ինչպես նշված է հայտարարության մեջ, «այսպես կոչված Հայոց ցեղասպանությանը»։
Բաքուն պնդում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի «խեղաթյուրումը» և «բարդ պատմական գործընթացներին քաղաքական գնահատական տալը, որը հիմնված չէ իրավական և գիտական սկզբունքների վրա, անընդունելի է»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ նման որոշումները չեն նպաստում խաղաղության և փոխըմբռնման ամրապնդմանը, այլ խորացնում են առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում հաշտեցման գործընթացներին։
Ադրբեջանական կողմն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել այդ երկրի կառավարության կողմից նախօրեին ընդունված որոշումը՝ նշելով, որ Բաքուն շարունակելու է պաշտպանել «պատմական փաստերը, միջազգային իրավունքի սկզբունքները և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի զանգվածային մահվան պատճառ դարձած իրադարձությունների ցեղասպանություն ճանաչող բանաձևին: Ամբողջական ընդունման համար Իսրայելի կառավարության որոշումը պետք է վավերացվի նաև Կնեսետի՝ խորհրդարանի կողմից։
Իսրայելի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած այս սարսափելի ցեղասպանությունը, որի մասին պատմական փաստերը իրական վեճեր չեն առաջացնում, հանգեցրել է 1,5 մլն մարդու սպանության և հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացման»։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Իսրայելում, սակայն մինչ օրս այն չէր դարձել երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի Կնեսետի կրթության հանձնաժողովը հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ։ 2018 թվականի մայիսին, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման պայմաններում, Կնեսետի լիագումար նիստը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման և քվեարկության դնելուն։ Այդուհանդերձ, Իսրայելի կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել