HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստի ժամանակ նա կներկայացնի բանաձև, որը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնում է Ynet-ը, այս հայտարարությանը նախորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընկերն է, քանի որ «զերծ մնաց Իրանի հետ հակամարտությանը միջամտելուց» և խոստացավ, որ Իսրայելի ու Թուրքիայի միջև առճակատում չի լինի։ Բանաձևի առաջ քաշման մասին Իսրայելի արտաքին գործերի նախարարը գրառում է արել նաև X-ի իր միկրոբլոգում։

Բանաձևի նախագծում նշվում է, որ «ելնելով բարոյական և պատմական պարտքից՝ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը»: Բանաձևը նշում է, որ Իսրայելը պետք է դատապարտի այդ իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտության ժխտումը, նսեմացումը կամ խեղաթյուրումը:

Բանաձևին կից բացատրական գրության մեջ ասվում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլին՝ Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայ մտավորականների, առաջնորդների և կրթված գործիչների ձերբակալությամբ, տեղահանմամբ և սպանությամբ: «Դրանից հետո օսմանյան կառավարությունը սկսեց հայ բնակչության համակարգված ոչնչացումը»,- ընդգծված է փաստաթղթում։ Փաստաթղթում նաև նշվում է, որ 32 երկրներ տարբեր ձևերով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը «պետք է դա անի բարոյական և պատմական պարտքի լույսի ներքո»:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Իսրայելում, սակայն մինչ օրս այն չի դարձել երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության հանձնաժողովը, հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ։ 2018 թվականի մայիսին, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման պայմաններում, Կնեսետի լիագումար նիստը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման և քվեարկության դնելուն։ Այդուհանդերձ, Իսրայելի կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լուսանկարը՝ Aleksey Chalabyan a.k.a Xelgen/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter