HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դադարեցրե՛ք այս խոշտանգումը». Բագրատ Սրբազանի պաշտպանը պնդում է՝ ժամերով հետազոտվում են գործին չառնչվող ապացույցներ

«Սրբազան պայքարի» գործով այսօր՝ հունիսի 25-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց գործում առկա ապացույցների հետազոտումը։

Այս գործով կա 18 մեղադրյալ։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Հանրային մեղադադրողը ներկայացրեց դատաքիմիական, դատաձգաբանական և սառը զենքի համալիր փորձաքննության եզրակացությունը։ Նա նշեց, որ փորձաքննության ենթարկված առարկաները առգրավվել են նախաքննության ընթացքում իրականացված խուզարկությունների արդյունքում։ Դրանց թվում են եղել՝ փամփուշտներ, դանակ, հրազենի օպտիկա, լիցքավորիչներ, հեռադիտակ, զրահաբաճկոն և այլ առարկաներ։ Այնուհետև հաջորդող ավելի քան 1․5 ժամվա ընթացքում հանրային մեղադրողը շարունակեց ներկայացնել այդ առարկաների վերաբերյալ փորձագիտական եզրակացության արդյունքները։

Ընթացքում, հանրային մեղադրողի խոսքն ընդհատելով, Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկեց դատարանին այդ ապացույցը հետազոտված համարել «և ամբողջ դատական նիստը չծախսել դրա հետազոտման վրա»։ Նա առաջարկեց ներկայացնել այդ ապացույցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը չհամաձայնեց․ «Ոչ, որևէ ապացույց առանց հետազոտվելու հետազոտված չի համարվելու։ Մի՛ խանգարեք»,- ասաց դատավորը։ Այնուհետև հանրային մեղադրողը շարունակեց ներկայացնել փորձագիտական եզրակացության արդյունքները։

Դատական նիստի ընթացքում դահլիճ մտավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, ով րոպեներ առաջ էր տնային կալանքից ազատ արձակվել։ Նրա վերաբերյալ դատական ակտը Վերաքննիչ դատարանը բեկանել էր՝ գործն ուղարկելով նոր քննության։ Միքայել Աջապահյանին ծափահարություններով ընդունեցին նիստին ներկա քաղաքացիները, ինչպես նաև Բագրատ Սրբազանն ու «Սրբազան պայքարի» գործով անցնող մյուս մեղադրյալները։

Ժամը արդեն 18։00-ն էր, իսկ հանրային մեղադրողը ներկայացրել էր միայն դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննության արդյունքները։ Սառը զենքի փորձաքննության եզրակացությունը դեռ չէր հասցրել ներկայացնել։ Աշխատանքային ժամը մոտեցել էր ավարտին, դատավոր Կարեն Ֆարխոյանն առաջարկեց, որ հանրային մեղադրողը հաջորդ նիստին շարունակի ապացույցների ներկայացումը։ 

Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն ասաց, որ հետազոտվող ապացույցները որևէ կապ չունեն այս գործով անցնող որևէ մեղադրյալի հետ։ «Շատ երկար ժամանակ է այս ամեն ինչը տանում, մարդիկ էլ գալիս են ու փորձում են հասկանան, թե այս դատավարությունն ինչի մասին է, և մենք էլ զրկված ենք, ըստ էության, հարցեր տալու և այդ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու հնարավորությունից, այսինքն՝ հասկանալու, թե այս ապացույցը ում վերաբերյալ էր, ինչ էր հերքում կամ հաստատում և ինչու մենք շուրջ 1․5 ժամ, գրեթե 2 ժամ ծախսեցինք այս ամեն ինչը լսելու վրա»,- ասաց նա։

Նա ողջունեց նիստերի դահլիճում գտնվող Միքայել Աջապահյանին՝ հիշելով վերջինիս խոսքերը իր դատավորության վերաբերյալ, թե «իր ինտելեկտը խոշտանգվում է»։ «Հիմա էս նիստի ժամանակ ոչ միայն մեր ինտելեկտն է խոշտանգվում, այլև մեր կյանքը, ժամանակն ու պարզ տրամաբանությունն են խոշտանգվում, որովհետև մենք չենք հասկանում, թե ինչ կապ ունեն Հայկ Մաթևոսյանի տնից առգրավված խոհանոցային դանակը, բրոնի ժիլետն ու կացինիկը այս գործի հետ։ Այդ մարդն այս գործով ոչ վկա է, ոչ հարցաքննվել է, ոչ մեղադրյալ է, բայց մենք այսքան մարդկանցով՝ պաշտպաններով, մեղադրյալներով նստած ենք ու 2 ժամ լսում ենք, թե էդ խծուծիկին ինչ եղավ։ Խնդրում եմ, դադարեցրե՛ք այս խոշտանգումը, հարգե՛ք մեր բոլորի ժամանակը և խնդրում եմ, որևէ ապացույց, որը չեք կարողանալու հիմնավորել, թե ինչ կապ ունի այստեղ գտնվող յուրաքանչյուրի հետ, դադարե՛ք հետազոտել, որովհետև այսպես մենք ուղղակի տարիներ ենք վատնելու մեր կյանքից»,- նշեց Տաթևիկ Սողոյանը։

Այսքանով դատական նիստն ավարտվեց, հաջորդը տեղի կունենա հուլիսի 23-ին, ժամը 15։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter