Գեղաշենի բնակիչները դեմ են ավազի հանքի շահագործմանը, դատարանը պարտավորեցնում է շահագործել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավորեցնում է Աբովյան համայնքի ավագանուն՝ անհապաղ թույլ տալ Գեղաշեն գյուղի մոտ ավազի հանքի շահագործումը։ Գյուղացիները դեմ են։
Ո՞վ է ուզում շահագործել հանքը
2022 թվականի հունիսի 21-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանի հրամանով «Անտրացիտ» ՍՊԸ-ն Գեղաշեն գյուղի 16,8 հա տարածքից ավազ արդյունահանելու թույլտվություն է ստացել՝ 20 տարով։ Ընկերությունը գրանցվել է 2021 թվականի փետրվարին։ Ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավազի արդյունահանմամբ։ «Անտրացիտ» ՍՊԸ-ի 100%-անոց բաժնետերը Դավիթ Սամվելյանն է։
Գյուղը դեմ է հանքին
2021-ին, նախքան թույլատվությունը, Գեղաշեն գյուղում տեղի է ունեցել հանքի շահագործման վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Ըստ արձանագրության՝ լսման մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը։ Բացի «Անտրացիտի» տնօրեն Լիա Տեր-Ավագյանից ու համայնքի ղեկավարից, լսումներին մասնակցել են համայնքապետի տեղակալը, ավագանու մեկ անդամ և գյուղի չորս բնակիչ։

Երեք ամիս անց՝ 2021-ի հոկտեմբերին, տեղի է ունեցել երկրորդ լսումը։ Մասնակցել են համայնքապետը, տեղակալը, ավագանու մեկ անդամ, «Անտրացիտի» տնօրենը և համայնքի ևս 5 բնակիչ։ Ըստ արձանագրության՝ ներկաները կրկին ողջունել են նախաձեռնությունը։
Նոյեմբերին տեղի ունեցած՝ 3-րդ հանրային լսմանը մասնակիցների կազմը գրեթե անփոփոխ էր։ Սակայն, բացի վարչական աշխատողներից, այս անգամ մասնակցել է երեք բնակիչ, որից երկուսը նախորդ լսմանն էլ էին ներկա։ Արձանագրության համաձայն՝ ներկաները միաձայն ողջունել են նախագիծը։
Դրանից հետո Գեղաշենը դարձել է Աբովյան խոշորացված համայնքի մաս։ 2022-ի փետրվարին Աբովյանի նոր վարչական ղեկավար Գոռ Հակոբյանի հրավիրած չորրորդ լսմանը ավելի քան չորս տասնյակ մարդ է մասնակցել։ Բնակիչները ոչ միայն բանավոր են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը, այլև արձանագրության մեջ հայտնել իրենց դիրքորոշումը՝ դեմ եմ։ «Հետքին» բնակիչներն ասացին, որ առաջին երեք լսումներից տեղյակ չեն եղել։

ՇՄՆ-ն համաձայն է հանքի շահագործմանը
Շրջակա միջավայրի նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մեջ ևս նշել է լսումների մասին՝ մասնավորապես չորրորդի, երբ բնակիչները դեմ են արտահայտվել։
Ըստ փաստաթղթի՝ բողոքներից հետո դիմել են մասնագետներին՝ ստուգելու, արդյոք հանքը վտանգավոր է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար։ Առողջապահության նախարարությունն ու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պատասխանել են, որ իրենց հաշվարկներով՝ վնասակար ազդեցությունները թույլատրելի սահմաններում են, իսկ հանքի և բնակելի տարածքների միջև նախատեսված հեռավորությունը համապատասխանում է օրենքի պահանջներին։ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել հանքի շահագործմանը, իհարկե՝ սահմանելով նորմեր, որոնք պետք է պահպանվեն։ «Անտրացիտ» ընկերությունը, ըստ այդ փաստաթղթի, տարեկան 300 հազար դրամ պետք է հատկացնի շրջակա միջավայրի մշտադիտարկման համար։
Համայնքապետարանը մերժել է տրամադրել հանքի տարածքը
Հանքի շահագործման համար Աբովյան համայնքը պետք է «Անտրացիտ» ՍՊԸ-ին վարձակալության հանձներ տարածքը։
Ըստ Datalex համակարգի տվյալների՝ 2023 թվականի մայիսի 10-ին Գեղաշեն բնակավայրի 355 բնակչի անունից դիմում է ներկայացվել է Աբովյանի համայնքապետարան առ այն, որ դեմ են բնակելի տարածքներին հարող հատվածում հանքի շահագործմանը։ Այնուհետև հարցը քննարկվել է ավագանու հանձնաժողովում, որի հինգ անդամներից երեքը դեմ են արտահայտվել նախագծին։
2023 թվականի մայիսի 18-ին հարցը ներկայացվել է Աբովյան համայնքի ավագանու նիստին, որտեղ ավագանու 13 անդամներ դեմ են քվեարկել, 9-ը՝ ձեռնպահ, և «Անտրացիտ» ՍՊԸ-ին հողամասը վարձակալությամբ տալու որոշումը չի ընդունվել։
«Անտրացիտ»-ը դիմել է Վարչական դատարան, հայցը մերժվել է։
Նոր զարգացումներ
«Անտրացիտ» ՍՊԸ-ն հերթական անգամ դիմել է Վարչական դատարան։ Դատավորը ընկերության միջնորդությունը բավարարել է՝ կիրառելով պահանջի ժամանակավոր բավարարում, որով պարտավորեցնում է Աբովյանի ավագանուն առանց մրցույթի 7,7 հա հողամասն օգտագործման իրավունքով հատկացնել ընկերությանը։
Մեր ձեռքի տակ է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նույնաբովանդակ որոշումը։ Ընդ որում, ՀԿԱԾ-ի որոշումը հնարավոր է բողոքարկել, սակայն այդ ընթացքում կատարողական գործողությունները չեն կասեցվի։
Փաստացի, Վարչական դատարանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավորեցնում են ավագանուն՝ տրամադրել հողը, որի վրա կշահագործվի հանքը՝ մինչև հողն օտարելու մասին Վարչական դատարանի վերջնական վճիռը։


Այսօր՝ հունիսի 23-ին, Աբովյանի ավագանու նիստում պետք է քննարկվի այս հարցը։ Նախօրեին «Հետքը» փորձեց պարզաբանում ստանալ Աբովյանի համայնքապետարանից, ասացին, որ համայնքի ղղեկավարը միշտ եղել է բնակիչների կողքին, սակայն այս դեպքում կա դատարանի պարտադրանք, հնարավոր ելքերը պարզ կդառնան այսօր։
Հանքի տարածքում հիմա պահակակետ կա։ Չորս հոգուց բաղկացած հերթափոխը հսկում է, բայց հստակ չէ, թե ինչը։ Հերթափոխի պետ ևս ունեն։ Նրա հեռախոսահամարը «Հետք»-ին փոխանցեց հերթափոխի պահակներից մեկը։ Փորձեցինք ճշտել «Անտրացիտ»-ի տնօրենի կամ սեփականատիրոջ հեռախոսահամարը։ Մեր զրուցակիցը հորդորեց լսել երկու կողմերին էլ, նշեց, որ կխոսի տնօրենի հետ ու կզանգի մեզ։ Սակայն այդպես էլ չի զանգել, իսկ մեր զանգերն անպատասխան են մնացել։
Գեղաշենի ավազի հանքը գյուղից բարձր է, հիմա բլրի վրա երևում են քերծվածքներ, որոնք, ըստ գյուղացիների, խորհրդային շրջանի վերջին տարիների շահագործման արդյունք են։ Այն ժամանակ, երբ Սպիտակին շինանյութ էր պետք, Գեղաշենից ավազ էին հանում։ Տարեցները հիշում են, թե այդ տարիներին ինչպես էր փոշին գյուղ լցվում։
«Հիմա հանքը որ սկսեց աշխատել, ինչքան օձ ու կարիճ կա, ինչ կա, լրիվ գյուղն ա, տներն ա լցվելու, ես 2 տարի, 3 տարի առաջ օրական 8 հատ օձ էի բռնում իմ տնից, երեխեն չէր կարողանում քնել»,- նշեց Գեղաշենի բնակիչ Սեյրան Ղազարյանը։
Հանքի տարածքով անցնող ճանապարհին մագնիս գցելու դեպքում պարզ կդառնա, որ ավազը երկաթով հարուստ է։ Հիմա բլրի բաց հատվածները հիմնականում խոտով են ծածկված, գյուղացիներն այդ հատվածներում իրենց անասուններին են տանում արոտի։
«Հիմա էլ եմ համաձայն՝ թող գա հանքը բացի (խմբ․ - հանքի սեփականատերը), տունը տալիս եմ իրան, ինքը հենց իրա ընտանիքով, իրա թոռներով, իրա գերդաստանով թող գա ստեղ ապրի։ Ու ես էլ հելնեմ էդ կամազներից քշեմ, էդ փոշին նստեցնեմ իրա գլխին, կգա՞, կապրի՞ ինք»ը,- նշեց հանքի տարածքին ամենամոտն ապրողներից Մարատ Մանուկյանը։
Գեղաշենցիները մտահոգ են, որ հանքի շահագործումից հետո ոչ միայն անասուններին չեն կարողանա արոտ տանել, այլև հնարավոր փոշուց կվնասվեն այգիները, մեղվի փեթակները, մարդկանց առողջությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել