Կապանի ԲԿ-ն իրեն ժամանակավոր օգտագործման տրված շտապօգնության մեքենան վարձակալությամբ է հանձնել. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 2024 թ. հուլիսից արտասահմանյան «Պուլս Փոյնթ» ՍՊԸ-ին օրական 80 000 դրամով վարձակալության է հանձնել «Տոյոտա» մակնիշի շտապօգնության մեքենան։ Շտապօգնության այս մեքենան պատկանում է «Այրվածքաբանության ազգային կենտրոնին» և 2021թ. Կապանի ԲԿ-ին է տրվել ժամանակավոր օգտագործման նպատակով։ ԲԿ-ի բաժանմունքի 3 վարիչներ նաև աշխատանքի են անցել «Պուլս Փոյնթ» կազմակերպությունում, ամիսը մի քանի օր գտնվել են այնտեղ, սակայն այդ ժամերին ներկա են գրանցվել Կապանի ԲԿ-ում և աշխատավարձ ստացել չաշխատած ժամանակի համար։ Այս դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Կապանի ԲԿ-ի շտապօգնության ծառայության ղեկավար Նարեկ Գաբրիելյանը երեք աշխատակիցներից մեկն է, որը միաժամանակ աշխատել է Կապանի ԲԿ-ում և «Պուլս Փոյնթ» կազմակերպությունում։ Նրա խոսքով՝ այս կազմակերպությունը բժշկական ծառայություն է մատուցում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Նարեկ Գաբրիելյանը նշում է՝ բաժանմունքի 3 վարիչները «Կապանի ԲԿ»-ի տնօրեն Արսեն Բաբայանի հորդորով են աշխատանքի անցել այս կազմակերպությունում։
«Ամեն մի օր մի բժիշկ էր գնում ու ամսվա կտրվածքով միջինում 8 աշխատանքային օր չէինք ներկայանում աշխատանքի, բայց ներկաները դրվում էին և երկկողմանի վճարումները ստանում էինք»,- պատմում է նա։
Որոշ ժամանակ անց ԲԿ-ի տնօրենը սկսել է դժգոհել շտապօգնության ծառայության աշխատանքից, եւ Նարեկ Գաբրիելյանը 2026-ի փետրվարի 12-ից, իր դիմումի համաձայն, «Պուլս Փոյնթ» կազմակերպությունում աշխատանքը դադարեցրել է։
«Տնօրենն ասում է՝ ծառայությունը լավ չի աշխատում, ո՞նց պետք է ծառայությունը լավ աշխատի, եթե քո հորդորով ուրիշ տեղ ուղարկում ես աշխատանքի»,- նշում է շտապօգնության ծառայության ղեկավարը։
Շտապօգնության մեքենայի վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտել 2024թ. հուլիսի 15-ից և գործում է անորոշ ժամկետով։
Նարեկ Գաբրիելյանը նշում է, որ լեռնային պայմաններից ելնելով՝ Կապանին ամենագնաց շտապօգնության մեքենա էր անհրաժեշտ, և այն տրամադրվել էր Կապանի բժշկական կենտրոնին` օգտագործման նպատակով։
Նրա համոզմամբ՝ այս հանգամանքները պարունակում են պետական գույքի ոչ նպատակային օգտագործման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ֆինանսական խախտումների հատկանիշներ։
Ըստ այդմ, նա դիմել է Պետական վերահսկողության ծառայությանը, Դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին, վարչապետի աշխատակազմին։
2026թ. մարտի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (վստահված գույքը հափշտակելը) և 457-րդ հոդվածի 1-ին (փաստաթղթեր կեղծելը) մասի հատկանիշներով։ Քրեական վարույթը նախաքննության փուլում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։
Պետական վերահսկողական ծառայությունից «Հետք»-ին հայտնել էին, որ մարտի 9-ի հրամանի համաձայն՝ «Կապանի ԲԿ»-ում իրականացվում է մշտադիտարկում աշխատավարձերի հաշվարկի և վճարման, ինչպես նաև շտապօգնության մեքենայի վարձակալության տրամադրման գործընթացների օրինականության նկատմամբ։ Նարեկ Գաբրիելյանի խոսքով՝ ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը և դիմել Դատախազություն։
«Կապանի ԲԿ» տնօրեն Արսեն Բաբայանին գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ինչո՞ւ է «Այրվածքաբանության ազգային կենտրոնին» պատկանող շտապօգնության մեքենան վարձակալությամբ հանձնվել այլ կազմակերպության, արդյոք իր հորդորով են բաժանմունքի վարիչներն աշխատանքի անցել այդ կազմակերպությունում, և արդյոք նրանք, գտնվելով «Պուլս Փոյնթ» կազմակերպությունում, ներկա են ստացել «Կապանի ԲԿ»-ում և վարձատրվել այդ ժամանակահատվածի համար։
Մեր հարցումից ավելի քան 3 շաբաթ անց «Կապանի ԲԿ»-ից պատասխանեցին, որ բժշկական կենտրոնում Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել։ «Ուսումնասիրության արդյունքներին գնահատական տալու համար հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին»,- հայտնել են ԲԿ-ից՝ անպատասխան թողնելով մեր հարցերը։
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել