Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում. Սալվարդ
Անձրևից հետո Սալվարդի փողոցներում ցեխը դեռ չէր չորացել։ Սալվարդ հասանք կեսօրից հետո, գյուղ տանող ճանապարհին մարդ հազվադեպ էր երևում։ Ընդարձակ մարգագետիններում արածող ձիեր, հեռվում՝ մշուշի մեջ կորած սարեր ու բազմաթիվ փակ դարպասներ։
Գյուղի կենտրոնում գտնվող երկհարկանի շենքն առաջին հայացքից ուշադրություն չի գրավում, բայց դպրոցը, վարչական ղեկավարի աշխատասենյակը, մշակույթի տունը և մանկապարտեզը հենց այդ շենքում են։ Վարչական ղեկավարի գրասենյակից դպրոց գնալու համար պետք է պարզապես կողքի դուռը բացել, մանկապարտեզ հասնելու համար՝ մի հարկ ներքև իջնել։ Փոքր գյուղի ամբողջ հանրային կյանքը մի հասցեում է տեղավորվել։
Այս տարի շենքում նոր հաստատություն է բացվել՝ 33 տարվա դադարից հետո մանկապարտեզը կրկին գործում է։ Մի քանի ամիս հետո, սակայն, փակվելու է Սալվարդի դպրոցը։ Թե ինչ է լինելու դպրոցի տեղում, առայժմ հայտնի չէ։ Դպրոցների միավորման Կառավարության ծրագրի շրջանակներում հարեւան Աշոտավան գյուղում նոր դպրոց է կառուցվում, ուր տեղափոխվելու են Սիսիանի տարածաշրջանի մի շարք գյուղերի դպրոցների աշակերտները, այդ թվում՝ Սալվարդի երեխաները։
Եթե մանկապարտեզի բացումը գյուղում նոր աշխատատեղեր ու ակտիվություն է ստեղծել, ապա դպրոցի փակումը գյուղացիներին ստիպում է խորհել Սալվարդի ապագայի մասին։
Սալվարդի դպրոցում 9 աշակերտ է սովորում։ Դասարաններից շատերում ընդամենը մեկ աշակերտ կա։ Միայն առաջին դասարանը չորս աշակերտ ունի։ Դժվար է պատկերացնել, որ երկու տասնամյակ առաջ այստեղ մոտ 90 աշակերտ էր սովորում։
Սիսիանի Սալվարդ գյուղում 185 բնակիչ է գրանցված, բայց գյուղի փողոցներում այդքան մարդ չես տեսնի։ Շատ տների դռներ փակ են, մոլախոտերը ծածկել են դարպասները, ակնհայտ է, որ այդ դռները վաղուց չեն բացվել։ Սալվարդը 1828թվականին հիմնադրել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառների գաղթականները։
Մանկապարտեզի մեթոդիստ, 24-ամյա Աիդա Սամվելյանը սալվարդցի է, սովորել է Երեւանում եւ վերադարձել՝ գյուղում աշխատելու։ Երբ ինքն էր երեխա, Սալվարդում մանկապարտեզ չկար։
Առաջին դասարանի դասվար Աննա Պողոսյանը չի համակերպվում այն մտքին, որ սեպտեմբերից Սալվարդի դպրոց չի գալու։ Նա Սիսիանից է գալիս Սալվարդ՝ դասավանդելու։ Աննա Պողոսյանը տարիներ առաջ նոր մասնագիտացում է ձեռք բերել, ավարտել է Մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի բաժինը, որպեսզի կարողանա նաև ռուսաց լեզու դասավանդել Սալվարդում։ Պողոսյանը համոզված է՝ դպրոցի փակվելով գյուղում կյանքը կանգ կառնի։
Սալվարդի վարչական ղեկավար Մովսես Մարգարյանը այլ կարծիք ունի։ «Եթե երեխան մի դասարանում մենակ է նստում, ես ուրախ եմ, որ կտեղափոխեն։ Երեխան պիտի երեխայի հետ շփվի, մրցակցություն լինի, ես չեմ մտածում, որ դպրոցի փակվելը կարող է գյուղի դատարկվելուն նպաստել, գնացողը կգնա, եկողը՝ կգա»,- ասում է վարչական ղեկավարը։
Նա համոզված է, որ գյուղի հիմնական խնդիրը դպրոցը չէ, այլ ենթակառուցվածքները։ Մարգարյանի խոսքով, գյուղացիներն ամենաշատը ճանապարհների պատճառով են գնացել գյուղից։
Երկհարկանի շենքը շարունակում է մնալ գյուղի կենտրոնը, որտեղ ամփոփվում է Սալվարդի կյանքը։ Դժվար է ասել՝ քանի՞ բնակիչ կլինի Սալվարդում 10 տարի անց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել