ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել։ Այդ փաստը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես գրում է BBC-ն, փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում, 60 օր ժամկետով ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնմանը նպատակամիտված հիմնադրամի ստեղծում:
«Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն»,- Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Այդուհանդերձ, նա սպառնացել է վերսկսել հարձարկումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները։
Le Président Trump a signé ce soir à Versailles l’accord entre l’Iran et les États-Unis.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 18, 2026
Cet accord ouvre la voie à une paix durable et permet la réouverture du détroit d’Ormuz.
C’est un pas important dans la bonne direction pour nos compatriotes… pic.twitter.com/b1XgZrBv0m
Իրանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը հազարավոր մարդկանց կյանք խլեց, հատկապես՝ Իրանում և Լիբանանում։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածեց Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ենթակառուցվածքներին ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին։ Այս հակամարտությունը դարձել էր էներգետիկ լայնածավալ ճգնաժամի պատճառ, քանի որ Իրանը փաստացի փակել էր Հորմուզի նեղուցը։
Հունիսի 17-ին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները Ֆրանսիայում ներկայացրել էին 14 կետից բաղկացած հուշագրի բովանդակությունը։ Այն 60 օրով երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը, որպեսզի կողմերը համաձայնության գան վերջնական փաստաթղթի շուրջ։ Եվ Թրամփը, և նրա թիմակիցներն ընդգծում են, որ սա միայն հուշագիր է, և դրա դրույթները կիրագործվեն, եթե Իրանն «իրեն լավ պահի»:
Հուշագրում ներառված են հետևյալ դրույթները.
- Տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում. «Բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում»,
- 30 օրվա ընթացքում իրանական նավահանգիստների ամերիկյան ծովային շրջափակման վերացում, այնուհետ՝ իրանական սահմաններից ամերիկյան բոլոր ուժերի հետ քաշում՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում,
- Հորմուզի նեղուցի բացում. 60 օր շարունակ այն բաց կլինի նավերի անմաքս անցման համար, որից հետո Իրանը, ինչպես նշել է ամերիկյան կողմը, «համագործակցելով ոչ միայն Օմանի, այլև Ծոցի մյուս պետությունների հետ, կմշակի Հորմուզի նեղուցի մասին առավել լայն, երկարաժամկետ համաձայնագիր»։
- Իրանի վերականգնման և զարգացման համար 300 միլիարդ դոլարի հատկացում. ԱՄՆ-ն խոստանում է տարածաշրջանում իր գործընկերների հետ ստեղծել «Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման» հիմնադրամ՝ հատկացնելով առնվազն 300 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լինելու այդ գումարը հատկացնողը։
- Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացում. ԱՄՆ-ն խոստանում է «չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»։ Չեղարկման ժամանակացույցը նախատեսվում է համաձայնեցնել ավելի ուշ։
- Միջուկային զենքից Իրանի հրաժարում. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվում են, որ Իրանը երբեք չի ստեղծի ոչ միջուկային զենք, ոչ էլ՝ ձեռք կբերի ու կհամագործակցի հարստացված ուրանի վերացման հարցում:
Լուսանկարը՝ arabtimesonline.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել